Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանն ու իր կողմնակիցները Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հարցով դիմել են Եվրախորհրդին


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու մի շարք քաղաքական գործիչներ նամակ են հղել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե Վան դեր Լինդենին եւ ԵԱՀԿ-ի «Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի» տնօրեն Քրիստիան Շտրոհալին` անհրաժեշտ համարելով, որ վերջիններս «հորդորեն կամ պարտադրեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ՝ կարճ ժամկետներում մեր երկրի Ընտրական օրենսգրքում կատարել երկու փոփոխություն»:

Փոփոխություններից մեկով առաջարկվում է, որ «առաջիկա նախագահական եւ ապագա բոլոր ընտրությունների քվեաթերթիկները, միջազգային կազմակերպությունների վերահսկողությամբ, տպագրվեն արտասահմանում՝ բացառելու համար հավելյալ քվեաթերթիկների տպագրումը: Երկրորդը վերաբերում է քվեարկության ընթացքում ցուցամատի թանաքոտման կարգին, «ինչը միակ միջոցն է միեւնույն ընտրողի կողմից կրկնակի կամ բազմակի քվեարկություն թույլ չտալու»:

Նամակում նաեւ նշվում է, որ այդ առաջարկներն անգամ օրենքի փոփոխություն չեն պահանջում, քանի որ «լինելով զուտ արարողակարգային միջոցառումներ, մտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավունքների մեջ»:

«Նպատակահարմար ենք գտնում նաեւ, որ դիտորդական կազմակերպությունները ընտրությունների որակն ու արդյունքները գնահատեն ոչ թե քվեարկությանը նախորդող մեկ շաբաթվա եւ քվեարկության օրվա դիտարկման հիման վրա, այլ ընտրական գործընթացի շուրջ եռամսյա կտրվածքով՝ արձանագրելով եւ դատապարտելով այդ ընթացքում նկատված բոլոր ընտրախախտումները», - ասված է այսօր հրապարակված նամակում։ - «Այս ամենը չանելու դեպքում միջազգային դիտորդական կազմակերպությունների առաքելությունը Հայաստանում անիմաստ է դառնում, եւ նույնիսկ ավելին՝ դա նպաստում է աղաղակող կեղծիքներով ու խախտումներով անցկացված ընտրությունների լեգիտիմացմանը»։

Նամակը ստորագրել են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի տնօրեն, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG