Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր նշվում է Հեռուստատեսության միջազգային օրը


1996 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նոյեմբերի 21-ը նշվում է որպես Հեռուստատեսության օր:

Այդ առիթով «Մաքս Լիբերթին» փոքրիկ հարցում անցկացրեց երիտասարդների շրջանում: Պարզվում է, որ նրանցից շատերի կյանքում հեռուստատեսությունն առաջին պլանում չէ, եւ նրանցից շատերը հեռուստացույց դիտելուն շատ ժամանակ չեն տրամադրում: Դիտելիս էլ հիմնականում հետեւում են լուրերին, թեեւ հարցվածներից եւ ոչ մեկին չի գոհացնում լրատվական հաղորդումների օբյեկտիվությունն ու անաչառությունը:

Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի կարծիքով` հեռուստաընկերությունների ներկայիս վիճակը ազատության եւ օբյեկտիվության տեսակետից լավատեսություն չի ներշնչում. - «Մեր տպավորությամբ Հայաստանի հեռարձակվող դաշտը ղեկավարվում է մեկ կենտրոնից եւ չի կատարում իր հիմնական գործառույթը` չի տրամադրում անաչառ եւ անկողմնակալ տեղեկատվություն: Հեռուստաընկերություններից շատերը թերեւս վախենում են` աչքի առջեւ ունեն «Ա1+»- ի օրինակը, Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության օրինակը»:

Փորձագետը չի ուզում կանխատեսել, թե երբ կարող է փոխվել իրավիճակը հեռուստաընկերություններում: Սակայն օբյեկտիվ, անաչառ, հետեւաբար նաեւ անկախ եւ ուժեղ հեռուստաընկերություններ ունենալու ուղին մեկն է, ասում է Մեսրոպ Հարությունյանը. - «Իշխանությունները չպետք է խառնվեն մամուլի գործերին»:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG