Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ». «Հարավային Կովկասում բացվել է հակառուսական եւս մեկ ճակատ»


«Հարավային Կովկասում բացվել է հակառուսական եւս մեկ ճակատ. Ռուսաստանի հանդեպ անբարյացկամ տրամադրված Վրաստանին այժմ միացել են նաեւ Ադրբեջանի իշխանությունները, որոնք պաշտոնական Մոսկվային մեղադրում են Lեռնային Ղարաբաղը զինելու մեջ», - այսօր գրել է ռուսաստանյան «Կոմերսանտ»-ը:

Թերթի փոխանցմամբ, երկուշաբթի երեկոյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Վրաստանից ռուսական ռազմամթերքի տեղափոխումը Հայաստան վտանգ է ստեղծում առանց այն էլ լարված տարածաշրջանում: «Ավելին, ըստ ադրբեջանցի զինվորականների ունեցած տեղեկությունների, այդ ռազմամթերքի մի մասը Հայաստանից տեղափոխվել է Lեռնային Ղարաբաղ», - գրում է «Կոմերսանտ»-ը:

«Նման գործողությունները մեծացնում են պատերազմի հավանականությունը», - թերթին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն` հավելելով. - «Ադրբեջանը նախընտրում է հակամարտության խաղաղ կարգավորումը, սակայն դա չի կարող անվերջ շարունակվել: Եթե Ռուսաստանի երկակի քաղաքականությունը չվերացվի, ջանքեր չգործադրվեն հակամարտությունը միջազգային նորմերին համապատասխան կարգավորելու համար, Ադրբեջանն այլ ճանապարհով կազատագրի իր գրավյալ տարածքները»:

Պաշտոնական Երեւանն ու Մոսկվան «Կոմերսանտ»-ի հետ զրույցում հերքել են ադրբեջանական կողմի մեղադրանքները: «Պաշտոնական Բաքուն, սակայն, շարունակում է Ռուսաստանի հանդեպ «հարձակումները», - գրում է թերթը: - «Երեկ Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը հայտարարել է, թե Ադրբեջանը ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:

«Մենք մտադիր ենք անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին եւ ունենք այդ ուղղությամբ ծրագիր` անհատական գործընկերության ծրագիրը», - ասել է Ադրբեջանի փոխվարչապետը»:

«Ռուսաստանի արտգործնախարարությունը նախընտրում է առայժմ չմեկնաբանել ադրբեջանցի պաշտոնյայի վերջին հայտարարությունները», - փոխանցում է «Կոմերսանտ»-ը` հատուկ ընդգծելով, որ պաշտոնական Մոսկվան չի կարող Բաքվի հանդեպ կիրառել ազդեցության այն լծակները, որոնք գործադրվում էին Թբիլիսիի նկատմամբ. - «Սեփական նավթի եւ գազի պաշարների շնորհիվ Բաքուն անկախ է Ռուսաստանից, եւ ինքն է Արեւմուտքին էներգակիրներ մատակարարում. անցած շաբաթ բացվեց Թուրքիա - Հունաստան գազատարը, որով ադրբեջանական գազը հոսելու է Եվրամիություն: Ադրբեջանի նախագահն արդեն հայտարարել է, թե այդ գազատարը, որը նախատեսվում է հասցնել մինչեւ Իտալիա, դառնալու է տարածաշրջանի կայունության եւ խաղաղության երաշխիքը: Այդ կայունությանը սպառնացող միակ խնդիրը այսօր ղարաբաղյան հակամարտությունն է, որն այժմ, ինչպես վստահ են Բաքվում, Ռուսաստանը չի թողնում, որ կարգավորվի»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG