Մատչելիության հղումներ

Լիբանանի նախագահի ընտրությունները հետաձգվել են մինչեւ ուրբաթ


Այսօր առավոտյան Lիբանանի խորհրդարանում պետք է սկսվեին երկրի նախագահի ընտրությունները: Երեքշաբթի ուշ երեկոյան, սակայն, Բեյրութից տեղեկություններ ստացվեցին, որ քվեարկությունը հետաձգվել է մինչեւ առաջիկա ուրբաթ` իշխող կոալիցիայի եւ ընդդիմության միջեւ առկա տարաձայնությունների պատճառով:

Մոտ մեկ ամիս առաջ Ֆրանսիայի արտործնախարար Բեռնար Քուշները ժամանել էր Բեյրութ` առաջարկելով, որպեսզի երկրի մարոնի համայնքը, որի ներկայացուցիչը, ըստ Սահմանադրության, պետք է զբաղեցնի նախագահի պաշտոնը, ընտրություններում հանդես գա միասնական թեկնածուով:

Մեկ թեկնածուի փոխարեն, սակայն, լիբանանցի քրիստոնյաները առաջադրեցին մի քանիսին, որոնցից պատգամավոր Միշել էդդեն վայելում է ընդդիմության աջակցությունը: Իշխող կոալիցիան էլ նախագահի պաշտոնում կցանկանար տեսնել կրթության նախկին նախարար 65-ամյա Ռոբեր Գանեմին:

Այս պայմաններում Lիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Եղիկ Ջերեջյանը օրինաչափ է համարում քվեարկության հերթական` արդեն չորրորդ հետաձգումը:

«Ըստ Սահմանադրության` նախագահի ընտրության վերջնաժամկետը նոյեմբերի 24-ին է լրանում: Երկու օրով [քվեարկությունը] հետաձգվում է, որպեսզի ժամանակ տրվի կողմերին հավելյալ բանակցությունների համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ջերեջյանը:

Հայազգի պատգամավորը նշեց, որ ներքաղաքական իրավիճակը նախագահական ընտրությունների շեմին խիստ լարված է: Նրա խոսքերով` Ֆրանսիայի նախաձեռնությանը դեմ են հանդես գալիս, նախեւառաջ, շիա մահմեդականների «Հըզբոլա» շարժման ղեկավարները. - «Նրանք պնդում են, որ եթե երկիրը դեպի նախագահական ընտրություններ գնա այս [ֆրանսիական] առաջարկի հիման վրա, ապա Lիբանանում կարող են ներքին կռիվներ սկսել»:

Lիբանանի սիրիամետ ընդդիմությանը, մասնավորապես` «Հըզբոլա»-ին, հատկապես մտահոգում է այն հեռանկարը, որ իշխող կոալիցիան կարող է միայնակ ընտրել նախագահին` օգտվելով այն փխրուն մեծամասնությունից, որ ունի խորհրդարանում: «Հըզբոլա»-ի ներկայացուցիչները նման հեռանկարը բնութագրում են որպես «հակասահմանադրական»:

Իսկ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները ընտրությունների շեմին նոր ահաբեկչական գործողությունների են սպասում` նշելով, թե իրենց քաղաքական ընդդիմախոսները նման ձեւով կարող են փորձել տապալել առաջիկա քվեարկությունը:

Կառավարամետ խմբակցության անդամ Եղիկ Ջերեջյանը հայտնեց, որ խորհրդարանական մեծամասնության անդամները արդեն երկու ամիս գտնվում են Բեյրութի հյուրանոցներից մեկում` ցանկանալով խուսափել հնարավոր մահափորձից:

«Մենք այժմ գտնվում ենք մի հյուրանոցում եւ տեղաշարժ չենք կատարում», - ասաց լիբանանահայ պատգամավորը եւ հավելեց, որ միայն ընտրության օրն են խորհրդարան գնալու` անվտանգության լուրջ միջոցներ ձեռնարկելով:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG