Մատչելիության հղումներ

Ազդարարվեց Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության սկիզբը


Այսօր Վրաստանում` Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի Մարաբդա երկաթուղային կայանում, տեղի է ունեցել Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգծի շինարարության սկիզբը ազդարարող արարողությունը` Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ:

«Սա անկասկած պատմական օր է, որովհետեւ Վրաստանը դուրս է գալիս փակուղուց եւ միանում է Եվրոպային», - հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: - «Սա մեծ նախագիծ է: Շատ կասկածներ կային դրա իրականացման հարցում, բայց նախագահությանս հենց առաջին օրվանից Թուրքիայի եւ Ադրբեջանի իմ պաշտոնակիցների հետ ես սկսեցի աշխատել այս ծրագիրը իրականություն դարձնելու համար»:

Վրաստանի նախագահը ծրագիրն անվանել է «աշխարհագրական հեղափոխություն»` իր խոսքում հասնելով մինչեւ Տրանսսիբիրյան երկաթգծի միջոցով Չինաստանի հաղորդակցություններին կապվելու հնարավորությունը:

Սահակաշվիլիի խոսքերով, երկաթգիծը կնպաստի նաեւ Վրաստանի այս շրջանի` Սամցխե-Ջավախեթիի զարգացմանը:

Երկաթգծի կառուցման ժամկետի վերաբերյալ նա կարծիք է հայտնել, թե մինչեւ իր նախագահության երկրորդ շրջանի ավարտը կավարտվի նաեւ շինարարությունը, եւ ինքը կարող է մասնակցել բացման արարողությանն ու լինել առաջին ուղեւորը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահեցրել է, թե այս ծրագիրն ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ, ընդհակառակը` երկաթուղին կընդլայնի տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները եւ կամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին, ով խոստացել է այս ճանապարհով տարեկան 10 միլիոն տոննա բեռնափոխադրումներ իրականացնել:

Երեք երկրների նախագահները շինարարության սկիզբն ազդարարող փաստաթուղթ են ստորագրել, որը պարկուճի մեջ ամփոփելով տեղադրել են ապագա կառույցի հիմքում:

Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու կառուցման հուշագիրը ստորագրվել է փետրվարին:

Մինչ Մարաբդա մեկնելը Թբիլիսում կայացել էին երեք երկրների նախագահների եռակողմ եւ երկկողմ հանդիպումներ, որոնց
ժամանակ քննարկվել են տնտեսության ոլորտում, այդ թվում` էներգակիրների, տրանսպորտի բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները, տարածաշրջանային, միջազգային հարցեր:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG