Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ը, անդրադառնալով վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, հարցնում է. - «Երեք տարում ի՞նչ կարող է անել, համակարգի «ավգյան ախոռներն» ինչպե՞ս կարող է մաքրել համակարգային արատների հիմնադիր «այլընտրանքային», այսինքն` խորհրդարանական մեծամասնության աջակցությունը չունեցող նախագահը, եթե գործող սահմանադրությամբ դե յուրե եւ դե ֆակտո հնարավորություն չունի ազդելու երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության վրա»: «Հետեւաբար», - եզրակացրել է թերթը, - «լավագույն դեպքում կարող է փորձել պետության արտաքին ուղեգիծը վերադարձնել 98-ի ակունքներին. այն է` Ղարաբաղը հանձնել եւ Ցեղասպանության ճանաչման գործընթացը հանել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից»:

Փաստելով, որ «ՀՀ ոստիկանության համակարգում թափուր պաշտոններ կան, որոնք զբաղեցնելուց հավանական թեկնածուները ձեռնպահ են մնում», «Առավոտ» թերթը հիմնավորել է. - «Ոստիկանության համակարգում սպայական կազմում եւ այդ պաշտոններում նշանակումներ չանելու պատճառը ոչ թե կադրերի պակասն է, այլ այն, որ թեկնածուներն իրենք են հրաժարվում զբաղեցնել դրանք՝ այն պարզ պատճառաբանությամբ, որ առջեւում նախագահական ընտրություններ են, ու իրենք «գլուխները ցավի տակ դնել» չեն ուզում», առավել եւս, որ նախընտրական զարգացումներն են թավալգլոր ընթանում, եւ պարզ չէ՝ գործող իշխանությո՞ւնն է մնալու, թե՞ հնարավոր է, որ իշխանափոխություն լինի։ Հենց այդ պատճառով է, որ ոստիկաններից ոմանք չեն ուզում, որ իրենց անունը կապվի Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ, կամ որ իրենք դիտվեն որպես ՀՀԿ ղեկավարի համար աշխատած մարդիկ»։

«Չորրորդ իշխանություն»-ը խոշոր գործարարների բիզնեսի ստուգումների թեման արծարծելով, նկատել է. - «Հայաստանում ձեւավորվել է գործարարների նոր խավ. մարդիկ, ովքեր հաճույք են ստանում, երբ հարկայինն իրենց մոտ ստուգումներ է կատարում եւ խախտումներ հայտնաբերում: Բայց, քանի որ Հայաստանի իշխանությունների մեծագույն երազանքը գործարարներին հաճույք պատճառելն է, կարելի է չկասկածել` իշխանությունները շարունակելու են այդ հայրենանվեր գործը եւ պերմանենտ հաճույք են պատճառելու այդպիսի գործարարներին»:

«Անձնագրեր են հավաքում» վերնագրի տակ «Հայք»-ը փոխանցել է. - «Հայաստանի մի շարք մարզերում ՀՀԿ ներկայացուցիչները սկսել են հավաքել քաղաքացիների անձնագրերը կամ դրանց պատճենները»։ «Այդ գործընթացը հատկապես ակտիվ է հեռավոր գյուղերում, որոնց գյուղապետերը ՀՀԿ-ականներ են», - գրել է թերթն ու հավելել. - «ՄԵնք վստահ ենք, որ ՀՀԿ-ից կհերքեն փաստը։ ՀՀԿ-ում էլ թող վստահ լինեն, որ թե՛ փաստը, թե՛ հերքումը շրջվելու են իրենց դեմ»։

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջերս արտահայտած մտքին, թե իրեն ավելի շատ հետաքրքրում են «ձեթի ու շաքարավազի գները, քան հանրահավաքների ժամանակ արտահայտված մտքերը», գնահատել է. - «Տեսականորեն Սերժ Սարգսյանը կարող է մտահոգված լինել գների աճով, եւ անել այնպես, որ գները դոլարի արժեզրկմանը զուգընթաց իջնեն կամ գոնե չբարձրանան։ Դրա համար պետք է ընդամենը այնպես անել, որ ներկրողները կատաղի մրցակցության մեջ լինեն, մոնոպոլիաները կազմալուծվեն եւ կազմաքանդվեն»։ «Նման գործընթաց Հայաստանում չի գնում եւ չի կարող առաջիկայում գնալ», - դիտարկել է մեկնաբանն ու բխեցրել. - «Իսկ սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանին գները այս իմաստով բոլորովին չեն հետաքրքրում։ Եվ հենց այս անտարբերության արդյունքներից մեկն էլ այն է, որ կոնկրետ այս տարի դրամի արժեվորումն ընթանում է կրկնակի տեմպերով։ Եվ այս ամենի արդյունքում կա բացառապես մեկ շահող՝ ներկրողները, որոնք «քաշելու են» Սերժ Սարգսյանի նախընտրական ծախսերը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG