Մատչելիության հղումներ

«Գերե'ր, դո’ւրս խորհրդարանից»


Նոր Զելանդիայում գործող Libertarianz (Ազատականներ) կուսակցությունը կառավարությանը ներկայացրել է օրինագիծ, որով առաջարկվում է... սառեցնել բոլոր գեր խորհրդարանականների լիազորությունները եւ դրանք վերականգնել միայն նրանց նիհարելուց հետո:

Նոր Զելանդիայում բնակչության գիրությունը համազգային լուրջ հիմնախնդիր է: Ներգաղթի ծառայությունը կարող է անգամ մերժել մուտքի թույլտվությունը գիրության պատճառով:

Այս խիստ կանոնը երկրում սկսել են գործադրել, երբ պարզվել է, որ երկրի հիվանդանոցները, ինչպես նաեւ ապահովագրական ընկերությունները հսկայական գումարներ են ծախսում գիրությունից բխող հիվանդությունները բուժելու համար:

«Մեր առողջապահության նախարարը պարտավոր է վերցնել խորհրդարանականների չափսերը եւ պայքար մղել հարկատուների հաշվին գիրացած օրենսդիրների դեմ: Գեր քաղաքական գործիչները լրացուցիչ բեռ են ոչ միայն պառլամենտի աթոռների, այլեւ մեր առանց այն էլ քայքայվող առողջապահական համակարգի համար», - ասված է ազատականների տարածած մամլո հաղորդագրությունում:

Ազատականներն այս հարցը բարձրացրել են, երբ վերջերս 35-ամյա բրիտանացի Ռիչի Թրեզիսը ստիպված անցել է խիստ դիետայի եւ միայն նիհարելուց հետո ստացել է Նոր Զելանդիայում մշտական բնակության եւ աշխատանքի իրավունք, մինչդեռ նրա կինը՝ նույնպես գեր Ռովան Թրեզիսը, չի կարողացել նիհարել եւ մուտքի վիզա չի ստացել, ուստի չի կարող մինչեւ Սուրբ Ծննդյան տոնը միանալ ամուսնուն:

Ազատականների կուսակցության ղեկավար Ռիչարդ Մըքրաֆթը Նոր Զելանդիայի վարչապետ Հելեն Քլարկին հասցեագրած բաց նամակում գրել է. - «Մի՞թե մեր կառավարության կողմից բացահայտ երկերեսանիություն չէ այն, որ Ռովան Թրեզիսին երկիր չեն թողնում, բայց հանդուրժում են գեր օրենսդիրների բանավեճերը խորհրդարանում»:

DPA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Մըքրաֆթի առաջնորդած Ազատականների կուսակցությունը խորհրդարանում ներկայացված չէ, սակայն չի նշում, թե արդյո՞ք ազատականների շարքերում կան գեր ակտիվիստներ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG