Մատչելիության հղումներ

Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը հակված չէ դրականորեն արձագանքել նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` բոլոր ընդդիմադիր ուժերին ուղղված կոչին` միանալ «քոչարյանասերժական ավազակապետության դեմ ձեւավորվող համաժողովրդական շարժմանը»:

Երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր է, որ միանա այդ շարժմանը, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտք է մեր ժողովրդին: Լեւոն Տեր-Պետրոսյանը 8 տարի եղել է իշխանության: 1991 թվին նախագահ ընտրվելով, ինքը երդում է տվել, որ պետք է կատարվեն պետական բոլոր օրենքները եւ խոստացել է, որ պետք է լինի այնպիսի Հայաստան, ինչպես դա գրված է հռչակագրում: Ինքը դրանից հետո խախտել է բոլոր այդ իր պարտավորությունները: 1996 թվին ինքը ձայնը խլել է ոչ թե ինձանից, ինքը ձայնը խլել է ձեզնից, ամբողջ ժողովրդից է ձայները խլել: Եվ հիմա այն խոսակցությունները, որ հանձնաժողովներով էր կամ ինչ-որ մի բանով էր, դա լրիվ սուտ է, որովհետեւ բանակն է մի քանի անգամ քվեարկել, տուփերի մեջ են լցրել եւ վերջ ի վերջո ժամը 12 - 1-ին, երբ որ տեսան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտվում է, փակեցին բոլոր քվեատեղերը, մեր մարդկանց դուրս շպրտեցին եւ հաշվեցին իրենց ուզած ձեւով, որից հետո տեղի ունեցան բռնություններ: Մարդը, երբ որ պարտք է, [բայց] ինքը պատասխանատվություն չի վերցնում այդ պարտքի համար, ինքը կարողանում է լավ վարպետորեն բացատրել ամեն ինչ առանց իր պատասխանատվությունը ասելու: Երկրորդ անգամ գալիս է մեր ժողովրդից պարտք վերցնելո՞ւ... Ես նույնիսկ համարում եմ իր թեկնածությունը դնելը ճիշտ չէր»:

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե նախագահի պաշտոնը ստանձնելուց երեք տարի հետո ինքը պատրաստ է ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից` հնարավորություն տալով «լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել», ԱԺՄ-ի նախագահը ասաց. - «Ես էլ եմ առաջարկել այդ երկու տարվա ծրագիրը, բայց ես չեմ առաջարկել` եկեք միացեք ինձ, ով որ ինձ չմիանա, ուրեմն դավաճան է: Ես ասել եմ` եկեք հավաքվենք, տեսնենք այս ծրագիրը հնարավո՞ր է իրականացնել: Այն «հայտնի ուժերը», որ իրեն հանել են, հիմա նորից ժողովրդին համախմբել այդ հայտնի ուժերին հանելու համար. ես այդտեղ չեմ տեսնում խնդիրը: Այս իշխանությունը պիտի գնա, դա անխուսափելի է, բայց ի՞նչ պետք է գա դրա փոխարեն: Ես տեսնում եմ, որ նույնն է գալու... Եվ ինչ. մենք պետք է անընդհատ այդ կարուսելով պտտվե՞նք...»:

Նախկին նախագահը ասել էր, թե այդ երեք տարին իրեն հարկավոր է «ավգյան ախոռները» մաքրելու համար: Այդ կապակցությամբ Մանուկյանը ասաց. - «Ամեն մեկը չէ, որ կարող է ախոռները մաքրել, մանավանդ, որ ախոռների կեղտի մի զգալի մասն էլ իր միջոցով է այնտեղ առաջացել»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցում Տեր-Պետրոսյանի մոտեցումներին` Մանուկյանը նշեց, որ նախագահ եղած ժամանակ նա հնչեցրել էր իր ծրագիրը, որի համաձայն տարածքների պետք է զիջել, իսկ Ղարաբաղի կարգավիճակը որոշել հետագայում: Մանուկյանի կարծիքով, Տեր-Պետրոսյանը այսօր էլ անուղղակի ձեւով նույն ծրագիրն է առաջարկում: Սրան Վազգեն Մանուկյանը կտրականապես դեմ է, թեեւ դեմ է նաեւ այս հարցում այսօրվա իշխանությունների որդեգրած քաղաքականությանը:

«Իշխանությունները խոսում են Ղարաբաղը պահելու մասին, բայց իշխանություններն այնքան են թուլացնում Հայաստանը ե’ւ ներսից, ե’ւ միջազգային ասպարեզում, որ իրենք կարող է դա տան, ասենք` ուզած-չուզած», - ասաց ԱԺՄ-ի նախագահը:

Հարցին, թե ո՞ւմ օգտին կքվեարկի, եթե նախագահի ընտրություններում հնարավոր երկրորդ փուլում հայտնվեն Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը արձագանքեց. - «Ախր, չի լինի: Մի պատրանք է ստեղծվում, թե, ժողովո’ւրդ, ընտրեք` սրա՞ն, թե՞ նրան: ժողովրդին գցում են շատ ծանր վիճակի մեջ, որովհետեւ ժողովրդի մեծ մասը երկու կողմին էլ չի ընդունում: Եվ կան մարդիկ, որոնք չարյաց փոքրագույնը համարում են Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց շատ-շատ մարդիկ կան, որ չարյաց փոքրագույնը համարում են Սերժ Սարգսյանին... Ես չեմ բացառում, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը դուրս գան երկրորդ փուլ, դա կարող է լեգիտիմ իշխանություն դարձնել Սերժ Սարգսյանին»:

Հավելենք, որ նոյեմբերի 28-ին կանցկացվի ԱԺՄ-ի համագումարը, որը կառաջադրի նախագահի իր թեկնածուին: Կուսակցության վարչությունն ու խորհուրդը արդեն Առաջադրել են Վազգեն Մանուկյանի թեկնածությունը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG