Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Ծանր ու թեթեւ անելով Լեւոն Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 16-ի ելույթի ուժեղ եւ թույլ կողմերը «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը համեմատել է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ճիշտ է նկատել, որ խորհրդարանը վերածվել է «անողնաշար եւ ողորմելի կամակատարի», բայց չի ասում, որ Ազգային ժողովն այդպիսին է դարձել 1995 թվականից։ Հենց այդ խորհրդարանն էին առաջինը ներթափանցել կիսաքրեական տարրերը, հենց այնտեղ էր, որ առաջին անգամ ճնշող մեծամասնություն էին կազմում ինտելեկտից զուրկ կոճակ սեղմողները, որոնք առաջին իսկ վտանգի պահին առնետների պես վազեցին ուժեղի հետեւից»։ «1995-ից այս կողմ (ներառյալ 2007-ի մայիսը) իշխանությունը ցինիկ ձեւով բռնաբարել է ընտրողների կամքը։ Այս հարցում Տեր-Պետրոսյանը «մեղա գալու» լիքը տեղ ունի», - հավելել է խմբագիրը։

«Հայք»-ը գրել է. - «Վախից մարդն ընդունակ է ամեն ինչի: Գլորվող ձնագնդի նման մեծացող համաժողովրդական շարժումը սարսափեցնում է վարչախմբին, եւ իշխանությունը որոշել է, ի թիվս այլ միջոցառումների, մեծացնել նաեւ կաշառատվության եւ, բնականաբար` կաշառակերության չափաբաժինը»: «Այս տարվա բյուջեում առաջացել է 10 միլիարդ դրամի ավելցուկ: Ավելցուկն առաջացել է, անշուշտ, մանր ու միջին գործարարներից հավաքած գերավճարների, ապրանքների գների թռիչքային բարձրացման շնորհիվ: Այսինքն, այդ փողերը դուրս են բերվել բոլորիս գրպանից», - բխեցրել է թերթը` եզրափակելով. - «Ինչքան այսօր վախից ավելի շատ են ստիպված բաժանել, այնքան վաղը չարությունից ավելի մոլեգին կատաղությամբ են կողոպտելու։ Իսկ ամենազավեշտալին այն է, որ մերն են ոչ միայն հավաքվող, այլեւ բաժանվող փողերը»:

Կասկածի տակ առնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական նպատակները, «Ազգ» թերթի մեկնաբանը շետադրել է. - «Եթե Տեր-Պետրոսյանը իշխանության չի ձգտում, «իր եւ իրեն սատարող քաղաքական ուժերի նպատակը ոչ թե բարձր աթոռների բազմելն է, այլ ներկա հանցավոր վարչախմբի վերարտադրության խափանումը», ապա սա առավել քան մութ նպատակ է. եթե չես ասում` ո՞ւմ ես բերում իշխանության, ասում ես` կողքիններդ չեն բազմելու, սրանց էլ հեռացնելու ես` ի՞նչ է սա, եթե ոչ արկածախնդրություն, պետությունն ու ժողովրդին անիշխանության ու քաոսի մատնելու նկրտում»: «Իսկ եթե Տեր-Պետրոսյանը», - շարունակել մեկնաբանը, - «կեղծում է եւ իր կողմնակիցներով ուզում է իշխանության գալ, այդ մասին բարձրաձայնելն ավելի ազնիվ կլինի: Ձեռի հետ էլ թող ասի` ո՞ւմ է նորից նախարար կարգելու, եթե հանկարծ ու իշխանության գա, իր թված, իր հետ հրաժարական տվածների՞ն, թե՞, այնուամենայնիվ, նոր մարդիկ էլ կան»:

«Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիրը հարցրել է. - «Եթե Հայաստանում նախագահի հերթական ընտրություններ են, ապա ի՞նչ հեղափոխության մասին կարող է խոսք լինել»: «Այս բնական հարցը ցանկացած քաղաքացու մեջ կարող է առաջանալ, եթե այդ մարդը չհանդիսանա Հայաստանի քաղաքացի», - նկատել է խմբագիրն ու հասցեագրել. - «Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիներիս, բոլորիս մեջ էլ (ներառյալ Սերժ Սարգսյանի կողմնակիցները) կարծրացել է այն մտայնությունը, որ Հայաստանում ոչ թե քվեարկությամբ են նախագահ դառնում, այլ միայն՝ հեղափոխությամբ ու հեղաշրջմամբ: Այս երկու հանգամանքների բացակայության պարագայում ծաղկում է ապրում ընտրական թվանկարչությունը, որը, ինչպես վերջին տարիների մեր կյանքը ցույց տվեց, ավելի սարսափելի ու ավերիչ է, քան՝ հեղափոխությունն ու նույնիսկ հեղաշրջումը: Ընդ որում, սույն թվանկարչությունից հնարավոր չի լինի խուսափել նույնիսկ այն դեպքում, եթե քվեաթերթիկները տպագրվեն արտասահմանում, եւ ընտրողների մատները թանաքոտվեն: Ահա սա է հիմնական պատճառը, որ մեր հասարակության մի զգալի մասն ընտրությունների շեմին հեղափոխական տրամադրությամբ է տոգորված»։

«Ժամանակ-Երեւան» թերթի տեղեկություններով՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրը տնօրինող Մարգարյան եղբայրները փորձել են ֆինանսապես աջակցել Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Բելաջիոյի Գրիշը 200 հազար դոլար է առաջարկել Տեր-Պետրոսյանի թիմին՝ նախընտրական ծախսերը հոգալու համար»։ «Այս փաստը խիստ վրդովեցրել է իշխանությանը եւ Մարգարյան եղբայրները կանչվել են «արքունիք»՝ հաշիվ տալու։ Ասում են՝ այս «ռազբորկաները» եւ Մարգարյան եղբայրներին պատժելու պատասխանատու գործը ստանձնել է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը», - գրել է թերթն ու հավելել. - «Բելաջիոյի տղերքը, բնականաբար, փորձել են հերքել նման փաստի առկայությունը, բայց դե Սերժ Սարգսյանն ամեն տեղ աչքեր ու ականջներ ունի՝ նրան ամեն ինչ հայտնի է»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG