Մատչելիության հղումներ

Հայաստանյան խոշոր գործարարներից Հրանտ Վարդանյանը առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Երկուշաբթի օրը ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե առաջիկա նախագահական ընտրություններում ում է սատարելու, Վարդանյան պատասխանեց. - «Իհարկե, գործող իշխանություններին»:

«Այդտեղ ինչ-որ մի մեծ գաղտնիք չկա», - ասաց նա` հավելելով. - «Այսինքն` Սերժ Սարգսյանին»:

Հրանտ Վարդանյանը փաստարկեց, թե գնահատում է Սերժ Սարգսյանի «աշխատանքային կարողությունները»:

Հրանտ Վարդանյանը հաստատեց, որ այս պահին Հարկային պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում «Գրանդ տոբակո», «Գրանդ քենդի» եւ իրենց ընտանիքին պատկանող «առեւտրային մի կազմակերպությունում»:

Նրա խոսքերով` անգամ չարաշահումներ չեն հայտնաբերվել. - «Ես այս երկրի հինգերորդ հարկատուն եմ: Այնպես որ, բազմաթիվ չարաշահումներ չեն կարող լինել: Այդ դեպքում ես կլինեի 50-րդը կամ 150-րդը»:

Դիտարկմանը, թե իր որդիները Ազգային ժողովում անդամակցել եւ անդամակցում են ՀՅԴ խմբակցությանը (ավագ որդին` նախկին, իսկ կրտսերը` ներկա գումարման խորհրդարանում), եւ հարցին, թե ՀՀԿ-ի թեկնածուին պաշտպանելու դեպքում արդյոք իրենից չի նեղանա ՀՅԴ-ն, Հրանտ Վարդանյանը արձագանքեց. - «Ոչ մի դեպքում: Դաշնակցականները, ինձ թվում է, իրենք էլ հասկանում են, որ պետք է պաշտպանել այն մարդուն, որը կարող է այդ լուծը տանել»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG