Մատչելիության հղումներ

Նախընտրական քարոզչության ամենաթանկ գինը սահմանել է «Արմենիա» հեռուստաընկերությունը


2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հեռուստաեթերի տրամադրման առայժմ ամենաթանկ գինը սահմանել է «Արմենիա» հեռուստաընկերությունը` մեկ րոպեն 130 հազար դրամ: Ընդ որում` նախագահի յուրաքանչյուր թեկնածուի տրամադրվելու է օրական 6 րոպեից ոչ ավելի եթեր:

«Արմենիա»-ն նույն գինն էր սահմանել նաեւ անցած մայիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եւ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Մկրտչյանը` «պատվերների պակաս չի ունեցել»:

Երկրորդ տեղում «Շանթ»-ը եւ «ԱԼՄ»-ն են` 120 հազար դրամ: «ԱԼՄ» հեռուստաընկերության նախագահ Տիգրան Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշեցրեց, որ իրենք գինը չեն փոխել. - «Կոպեկ առ կոպեկ նույն խորհրդրանական ընտրությունների [ժամանակ] սահմանված գինն է»:

«Երկիր մեդիա»-ն քաղաքական գովազդի րոպեավճարը սահմանել է 100 հազար դրամ, եւ, ինչպես հավելեց հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը, ունի քաղաքական հաղորդումների անվճար փաթեթ` բոլորի համար:

«Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» ծրագրի ղեկավար Շավարշ Գեւորգյանի փոխանցմամբ, իրենց եթերում քաղաքական գովազդի մեկ րոպեի գինը սահմանվել է 108 հազար դրամ: Նույնն է, ըստ «Կենտրոն» հեռուստաընկերության գովազդային բաժնի ղեկավար Գոռ Մարտիրոսյանի, իրենց սահմանած րոպեավճարը:

Հանրային հեռուստաընկերությունը դեռեւս անցած շաբաթ էր սահմանել քաղաքական գովազդի մեկ րոպեի գինը` 80 հազար դրամ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG