Մատչելիության հղումներ

logo-print

Բանգլադեշում ցիկլոնի զոհերի թիվը անցել է 3 հազարը


Անցած շաբաթավերջին Բանգլադեշի առափնյա շրջանում ուժեղ ցիկլոնի հետեւանքով զոհվածների թիվը, այսօրվա պաշտոնական տվյալներով, հասել է 3113-ի, իսկ տեղական լրատվամիջոցները մտավախություն են հայտնում, թե այն կարող է շատ ավելի մեծ լինել:

Ըստ «Ռոյթերզ» գործակալության փոխանցած պաշտոնական տվյալների, աղետի հետեւանքով կան 3322 վիրավորներ, եւս 1063 մարդ անհետ կորել է:

«Սիդր» անվանումն ստացած արեւադարձային ցիկլոնի ժամանակ քամու ուժգնությունը հասել է ժամում 250 կիլոմետրի: Տարերային աղետը Բանգլադեշի հարավային շրջանում վիթխարի ավերածություններ է պատճառել, տարածաշրջանի մեծ մասը հոսանքազրկվել է, խզվել է հեռախոսակապը: Հարյուր հազարավոր մարդիկ տարհանվել են:

Ներկայումս փրկարարները ջանքեր են գործադրում աղետից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, ինչը անչափ դժվար է ճանապարհների անանցանելիության պատճառով: Սնունդը աղետյալներին է հասցվում հիմնականում ռազմական ուղղաթիռների միջոցով:

Միջազգային կազմակերպությունները արդեն իսկ 25 միլիոն դոլարի օգնություն են խոստացել Բանգլադեշին:

Սա վերջին տասնամյակում այդ երկրում արձանագրված ամենախոշոր տարերային աղետն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG