Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահն այցելում է Ֆրանսիա


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր սկսում է իր պաշտոնական այցը Ֆրանսիա:

Այցի շրջանակներում նախատեսված է Ալիեւի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, որի ժամանակ քննարկվելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:

Այս տարվա ընթացքում սա Ալիեւի երկրորդ պաշտոնական այցն է Ֆրանսիա: Հունվարի վերջին Ադրբեջանի նախագահը Փարիզ էր այցելել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հրավերով:

Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` կիրակի օրը Իլհամ Ալիեւը թուրքական Էդիրնե քաղաքում մասնակցել է Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ գազատարի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, Հունաստանի վարչապետ Կոնստանտինոս Կարամանլիսը, երկու երկրների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարները:

«Այսօր ադրբեջանական գազը առաջին անգամ փոխադրվում է Եվրամիության շուկա, ինչի առիթով ես շատ ուրախ եմ», - իր ելույթում, մասնավորապես, հայտարարել է Ալիեւը:

Թուրքիայի եւ Հունաստանի գազամատակարարման համակարգերը կապակցող գազատարի կառուցման մասին փաստաթուղթը ստորագրվել էր 2002 թվականի ապրիլին: 296,5-կիլոմետրանոց խողովակաշարի 210 կիլոմետրն անցնում է Թուրքիայի, 86,5 կիլոմետրը` Հունաստանի տարածքով: Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 250 միլիոն եվրո է: Գազատարի թողունակությունը ներկայումս տարեկան 250 միլիոն խորանարդ մետր է, որը մեկ տարի անց կրկնապատկվելու է, եւս մեկ տարի անց հասցվելու է 750 միլիոնի, իսկ հետագա 15 տարիների ընթացքում` 12 միլիարդ խորանարդ մետրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG