Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանը հաստատում է իր ձեռնարկություններում անցկացվող ստուգումների փաստը


Գործարար պատգամավոր, անցյալ տարի Հայաստանի հանրապետական կուսակցությանն անդամակցած Ռուբեն Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ Հարկային պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում իրեն պատկանող ընդհանուր առմամբ 8 ընկերություններում, այդ թվում «Զարգացման հայկական բանկում», Չարենցավանի տրիկոտաժի ֆաբրիկայում, «Հարսնաքար» համալիրներում:

«Ես ոչ մի խնդիր ունեմ ո’չ հարկային տեսչության, ո’չ պետության, որեւէ մեկի հետ: Ինչպես բոլոր քաղաքացիները, այնպես էլ` ես. ստուգումներ են եւ պետք է անցնեն բոլորիս ձեռնարկություններում, եւ եթե կան խախտումներ` պետք է արձանագրվեն, եւ բոլորը պետք է հարկերը մուծեն: Իմ անձնական կարծիքն է դա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց գործարար պատգամավորը` հավելելով. - «Եվ շատ նորմալ եմ համարում եւ շատ ճիշտ, որ պետք է բոլոր տեղերում էլ լինեն ստուգումներ, եւ արվի ամեն ինչ, որպեսզի մեր բյուջեն կատարվի, եւ մեր սոցիալապես անապահով խավը, գա մի գեղեցիկ օր` ապրի լավ»:

Ստուգումները դեռ չեն ավարտվել, սակայն, Ռուբեն Հայրապետյանի փոխանցմամբ, արդեն տասնյակ միլիոնավոր դրամի խախտումներ են հայտնաբերվել, ինչը ինքը պատրաստվում է վերադարձնել պետությանը:

Միաժամանակ, նա վստահեցրեց, որ խախտումները միտումնավոր չեն եղել. - «Դա, ասենք, իմ ձեռնարկություններում ուղղակի բացթողումներ են եղել»:

Հարկային պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում ՍԻԼ կոնցեռնի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին եւ նրա ընտանիքին պատկանող ընկերություններում: Սուքիասյանը պնդում է, որ այդ ստուգումների իրական պատճառը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին իր սատարելն է:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG