Մատչելիության հղումներ

Կանայք ավելի հմուտ են առեւտրի մեջ եւ գերադասում են վառ գույները


Յեյլի համալսարանի գիտնական Ջոշուա Նյուի հրապարակած աշխատության համաձայն` կանայք ավելի հմուտ են առեւտուր անում հատկապես պարենի խանութում, բացի այդ` կանայք գերադասում են վարդագույնը, իսկ տղամարդիկ ենթագիտակցորեն նախընտրում են կապույտը, երկնագույնը, կանաչը: Նյուի ղեկավարած հոգեբանների թիմը ենթադրում է, որ դա գալիս է նախնադարյան ժամանակներից, երբ տղամարդիկ զբաղվել են որսորդությամբ կամ ձկնորսությամբ, իսկ կանայք հատապտուղ կամ միրգ են հավաքել:

Տղամարդկանց տարածական մտածողությունն ավելի զարգացած է, տղամարդը ավելի արագ է կողմնորոշվում, հեռու տեղ հասնում եւ վերադառնում կեցավայր: Մինչդեռ կինը, ըստ հոգեբանների, ավելի արագ է կողմնորոշվում համեմատաբար փոքր տարածքում, ավելի լավ գիտի, թե որտեղ ինչ սնունդ է պահեստավորել: Ճիշտ այդպես էլ կանայք այսօր մեծ սուպերմարկետի պարենի հատվածում ավելի արագ են գտնում անհրաժեշտ բաժինը, բայց սուպերմարկետի ճանապարհը գտնելը տղամարդկանց են վստահում:

Ըստ հոգեբանների, կանայք հատապտուղներ կամ մրգեր հավաքելիս նախընտրել են վարդագույն եւ կարմիր պտուղները, որովհետեւ դրանք ավելի քաղցր են, հասած, համեղ եւ առողջ: Բացի այդ, անտառում դրանք ավելի լավ են երեւում այլ գույների մեջ, այսինքն` կարելի է ոչ միայն գտնել ու հավաքել, այլեւ հիշել տեղը` մնացածը հաջորդ անգամ հավաքելու համար:

Իսկ տղամարդկանց` կապույտը, երկնագույնը եւ կանաչը նախընտրելու առնչությամբ հոգեբանների մի մասը ենթադրում է, որ դա կապված է երկնքին, ջրի ալիքներին նայելու կամ խիտ անտառներում ճանապարհներ որոնելու հետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG