Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) այսօր չեղյալ է հայտարարել դեկտեմբերի 2-ին Ռուսաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու իր ծրագրերը` ռուսաստանյան իշխանությունների կողմից ձգձգումների եւ սահմանափակումների պատճառով:

Գրասենյակի այսօր հրապարակած հայտարարությունում ասված է, թե Ռուսաստանի իշխանությունները «հակված չեն ժամանակին ընդունել դիտորդներին եւ լիովին համագործակցել նրանց հետ»: Մասնավորապես, ինչպես նշում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, գրասենյակի դիտորդների համար Ռուսաստան մուտքի վիզաներ ստանալու դիմումները «շարունակաբար մերժվում են»:

Ռուսաստանը այս տարի ԵԱՀԿ-ից ընդամենը 70 դիտորդ է հրավիրել, մինչդեռ 2003 թվականի ընտրություններին միայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից հետեւել են մոտ 400 դիտորդներ:

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը անցած շաբաթ միջազգային դիտորդներին էր մեղադրել մուտքի վիզաների տրամադրումը ձգձգելու հարցում` հայտարարելով, թե նրանք հենց նոր են լրացրել եւ ներկայացրել անհրաժեշտ ձեւաթղթերը:

Մեկնաբանելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի որոշումը` Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Միխայիլ Կամինինը այսօր հայտարարել է, թե ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելություն իրականացնող մարմինը «իրավունք ունի ընդունել ցանկացած որոշում»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG