Մատչելիության հղումներ

Բասրայում իսլամիստ ծայրահեղականները սպանում են «սխալ հագնված» կանանց


Իրաքի հարավային Բասրա քաղաքում ծայրահեղական իսլամիստները սպանում են այն կանանց, ովքեր, նրանց համոզմամբ, «սխալ են հագնվում» եւ չեն հետեւում հագուկապի եւ վարքի շարիաթական նորմերին:

BBC-ն, վկայակոչելով Բասրայի ոստիկանապետ Աբդուլ Ջալիլ Խալիֆին, տեղեկացնում է, որ այս տարվա հուլիսից մինչ օրս արդեն 42 կին է սպանվել: Ընդ որում, իսլամիստ մոլեռանդները սպանելուց հետո զոհերին հագցնում են «անպարկեշտ» հագուստ եւ մեջքներին գրություն են թողնում:

Խալիֆը, ում Իրաքի վարչապետը Բասրա է գործուղել իրավիճակը վերահսկելու նպատակով, հայտնել է, որ մի դեպքում անհայտ անձինք մտել են տուն եւ սպանել կնոջն իր 6-ամյա որդու հետ, որը ծնվել էր արտամուսնական կապից, մեկ այլ դեպքում կիսաշրջազգեստ հագնելու համար երկու կանանց սպանել են մանկահասակ երեխաների աչքի առաջ, կամ` երիտասարդ աղջկան սպանել են, որովհետեւ նա չի համաձայնել «ամուսնանալ եւ նստել տանը»:

Քաղաքում շենքերի պատերին անանուն գրություններ են փակցված` «Բոլոր անպարկեշտները սպանվելու են»:

«Բասրայում սարսափելի հաշվեհարդար են տեսնում կանանց նկատմամբ», - BBC-ին ասել է ոստիկանապետը` հավելելով, թե ոստիկանները վախենում են քննել հանցագործությունները եւ բացահայտել հանցագործներին:

Ըստ Խալիֆի, զոհերի հարազատները եւս վախենում են դիմել ոստիկաններին, բացի այդ` «չեն հավատում, որ ոստիկանությունն ի վիճակի է ինչ-որ բան անել»:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG