Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյանը այսօրվա հանրահավաքի նկատմամբ մեծ հետաքրքրություն է կանխատեսում


Այսօր երեկոյան Ազատության հրապարակում հանրահավաք են նախաձեռնել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հայաստանի նախկին արտգործնախարար, Հայոց համազգային շարժման անդամ Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հանրահավաքին «հոծ զանգված կհավաքվի` լսելու հանրապետության առաջին նախագահի ելույթը»:

Արզումանյանի փոխանցմամբ, «հանրահավաքին մասնակցելու են տասնյակ կուսակցություններ, մի շարք կուսակցությունների ղեկավարներ ելույթ են ունենալու, այդ թվում նաեւ Ստեփան Դեմիրճյանը, որի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը որոշում կայացրեց աջակցելու եւ սատարելու Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, կհնչեցվեն հայտարարություններ մի շարք հասարակական կազմակերպությունների անունից»:

«Անշուշտ, կարեւորագույն ելույթը հանրահավաքի լինելու է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որը, կարծում եմ, մեծ հետաքրքրություն կառաջացնի, եւ, կարծում ենք, նա անդրադառնալու է այն բոլոր խնդիրներին, որ մատնանշել էր իր առաջին հանրահավաքին», - ասաց Ալեքսանդր Արզումանյանը` կարծիք հայտնելով, որ առաջին նախագահի ելույթը կտեւի մեկ ժամից ոչ պակաս:

Կազմակերպիչները կանխատեսում են, որ «չնայած իշխանությունների կողմից առաջ քաշվող բոլոր խոչընդոտներին, չնայած լրատվական բլոկադային, որում մենք այսօր հայտնված ենք, ոչ պակաս, քան առաջին հանրահավաքին մարդ է հավաքվելու»: Ալեքսանդր Արզումանյանը կարծիք հայտնեց, որ հետաքրքրությունը շատ մեծ է, բացի այդ` «մենք հնարավորություն ունեցել ենք օգտագործել իրազեկման մեզ հասու բոլոր մեթոդները»:

Երեւանի քաղաքային իշխանությունները տեղեկացված են միջոցառման մասին: Քաղաքապետ Երվանդ Զախարյանը լրատվամիջոցներին ասել է, թե հաջորդ օրը նույն տեղում անցկացվելիք համերգի բեմահարթակը ոչ միայն չի խանգարի, այլեւ կօգնի հանրահավաքի կազմակերպիչներին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG