Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Առավոտ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանի նկատմամբ կիրառված բռնությանը, հայտարարել է. - «Սա թույլ իշխանության կողմից ուժի ցուցադրություն է, եւ նշանակում է, որ իրենց ոչինչ չի մնում անելու, քան քսանամյա երիտասարդին ահաբեկելը: ՍԴՀԿ-ն հարյուրամյա փորձ ունի, եւ մեզ ահաբեկելն անհնար է»: Թերթը հավելում է, որ բռնարարքը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցություններն ու Իրավունքի եւ ազատության կենտրոնի ղեկավար Վարդան Հարությունյանը:

«Դիրքորոշումները հստակեցնելու ժամանակը» վերնագրի տակ դիտարկելով «Ազգային միաբանություն» եւ ՀԺԿ կուսակցությունների առաջորդների քաղաքական վարքագիծը, «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը զուգահեռել է. - «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը, ինչպես եւ կարելի էր կանխատեսել, իշխանությունների նկատմամբ ծայրահեղ քննադատական վերաբերմունքով եւ ընդգծված արմատական կեցվածքով հանդերձ, չմիացավ Տեր-Պետրոսյանին ծափահարողների խառնակույտին։ Սա ոչ միայն տրամաբանական, այլեւ օրինաչափ է՝ նկատի ունենալով, որ Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցերում ԱՄԿ-ի առաջնորդը, ի պատիվ իրեն, որպես կանոն, հանդես է եկել հայանպաստ դիրքերից եւ մեծ հաշվով «վարչախմբի» հետ սկզբունքային տարաձայնություններ չի ունեցել»։ «ՀԺԿ նախագահը», - շարունակել է մեկնաբանը, - «ի տարբերություն Գեղամյանի, երբեւէ մեր ազգային հիմնախնդիրների հետ կապված որեւէ հոդաբաշխ միտք չի հայտնել, չհաշված հերթապահ հայտարարությունները հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու եւ, Ղարաբաղից ձեռքերը լվանալով, հիմնախնդրի լուծումը ղարաբաղցիների ուսերին բարդելու մասին»։

«Հայկական ժամանակ»-ը «Դեմիրճյանի պես» վերնագրի տակ փոխանցել է. -«Առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին ՀԺԿ քաղաքական խորհրդի որոշումը ընդդիմադիր մյուս կուսակցությունների շարքերում որոշակի խմորումներ է հարուցել»։ Ըստ թերթի` «միասնականացման պրոցեսին առայժմ դիտորդի կարգավիճակով հետեւող կուսակցությունների տարածքային կազմակերպությունները կենտրոններից պահանջում են հետեւել Ստեփան Դեմիրճյանի օրինակին եւ անձնական շահերը բարձր չդասել պետության ու ժողովրդի շահերից»։

«Առավոտ»-ին տված հարցազրույցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը նախագահական ընտրություններին ընդառաջ նկատել է. - «Ընտրությունները, կարծում եմ, կանցնեն բնականոն հունով, ոչ մի անակնկալ չի լինի, ուժերի բաշխումը եւ ժողովրդի վստահության քվեն այնպիսին է, որ ընտրությունն իր տրամաբանական ավարտը կունենա»: «Չի կարող ողջախոհ ժողովուրդը ապակողմնորոշվել սեւ քարոզչության հետեւանքով», - պնդել է առաջնորդական փոխանորդն ու հավելել. - «Իսկ Տեր-Պետրոսյանի ակտիվությունը փորձում է ստեղծել մի իրավիճակ, որ ապագա նախագահի լեգիտիմության հարցի վերաբերյալ կասկածներ առաջանան»։

«Չորրորդ իշխանություն» թերթը «Դիմա Բիլանը որպես նժդեհական գաղափարախոսության հայելի» վերնագրի տակ գնահատել է. - «Փաստը մնում է փաստ, որ Հանրապետական կուսակցությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը երիտասարդության հետ որոշեց պատասխանել էստրադային համերգով»։ «Ընդ որում, հայաստանյան էլեկտորատին նախորդ ընտրություններից ծանոթ տարատեսակ թաթաների հետ մեկտեղ այսօր նժդեհական գաղափարախոսության երկրպագուների թվին ավելացավ նաեւ Դիմա Բիլանը», - գրել է թերթն ու հավելել. - «Սակայն, այս ամենը դեռ ամենասարսափելին չէ։ Ամենատգեղն ու ամենավտանգավորն այն է, որ իշխանությունները քաղաքական խաղերի մեջ են ներքաշում եկեղեցուն»։ «Այլ կերպ չի կարելի գնահատել ՀՀԿ համագումարում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոսի ելույթը, որը չսահմանափակվեց զուտ այդ արարողության օրհնանքով, այլ ունեցավ ընդարձակ քաղաքական ելույթ, որտեղ «մերկացուցիչ» քննդատության ենթարկեց Հայաստանի նախկին իշխանություններին եւ երկնային ուժերին հրավիրեց մարտակից դառնալու ՀՀԿ-ականներին։ Փաստորեն, տեղապահն իր ելույթում ասում է, որ եկեղեցին հովվելու է միայն ՀՀԿ անդամներին»։ «Թե ինչ պետք է անեն անկուսակցականները՝ անհայտ է»,- բխեցրել է թերթը։

«Ժամանակ-Երեւան» թերթը գրել է, թե «տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը որքան էլ իրեն թանկացնում է, բայց արդեն կարծես վերջնական որոշում է կայացվել, որ հենց Հովիկ Արգամիչն է լինելու ՍԵրժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը»։ Ըստ թերթի տեղեկությունների՝ նախընտրական շտաբի պետի տեղակալներ են նշանակվելու Կարեն Կարապետյանը եւ քաղաքաշինության նախարար՝ ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG