Մատչելիության հղումներ

«Տեխնիկական պատճառներով» չեն կայացել Երեւանից Հալեպ ու Բեյրութ չվերթները


Այս շաբաթ «Արմավիա» ընկերությունը չի կարողացել չվերթներ իրականացնել Երեւան - Հալեպ եւ Երեւան - Բեյրութ ուղղություններով: «Արմավիա» ընկերությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները տեղեկացրել են, որ «օդային այդ ուղիով չվերթներ իրականացնելը նպատակահարմար չէ»` տեխնիկական պատճառներով:

«Թուրքիայի ավիացիոն իշխանությունները պաշտոնապես արդեն մեզ տեղեկացրել էին, որ Երեւան - Բեյրութ եւ Երեւան - Հալեպ թռիչքների տեխնիկական սպասարկման տեսանկյունից խնդիրներ կան եւ ժամանակավորապես, թերեւս, չեն սպասարկվելու տվյալ թռիչքները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետի մամուլի խոսնակ Գայանե Դավթյանը: - «Իսկ մենք նորմալ Ստամբուլ - Երեւանը անում ենք, այսինքն` բոլոր մեր եվրոպական թռիչքները անցնում են Թուրքիայի օդային տարածքով: Խնդիր, ըստ էության, չկա»:

Ստացվում է, որ ո’չ Հայաստանի քաղավիացիայի վարչությունում, ո’չ էլ «Արմավիա»-ում տեղյակ չեն, թե ինչու է Թուրքիան որոշել փակել դեպի Հալեպ եւ Բեյրութ տանող օդային ճանապարհը:

Ուշագրավ է, սակայն, որ, ի տարբերություն «Արմավիա»-ի, «Աստրոն» սիրիական ավիաընկերությունը հենց այս շաբաթ իրականացնելու է չվերթ Երեւանից դեպի Հալեպ եւ Դամասկոս: Այս ավիաընկերությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ օդային սահմանը բաց է:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, ասաց հետեւյալը. - «Ես կարող եմ հաստատել, որ քաղավիացիայի վարչությունից մեզ դիմել են: Իրենք նախապես եղել են կապի մեջ թուրքական ավիացիոն իշխանությունների հետ, եւ միայն նրանից հետո, որ չեն ստացել բավարար պատասխաններ թուրքական կողմից, խնդրել են մեզ միջամտել այս հարցի կարգավորմանը: Մենք էլ, մեր հերթին, դիվանագիտական կապուղիներով դիմել ենք թուրքական իշխանություններին` խնդրելով պարզաբանել ստեղծված իրավիճակը... Դեռեւս որեւէ պատասխան չկա. երեկ է ուղարկվել մեր հայտագիրը»:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Հերթական ագրեսիվ դրսեւորումն է Հայաստանի նկատմամբ: Այն հավաստիացումները, որ իրենք անընդհատ բերում էին, որ շրջափակում չկա, քանի որ օդային սահմանը բաց է, հիմա պարզ է դառնում, որ կա շրջափակում... Ես կարծում եմ, որ սրան առաջին հերթին պետք է արձագանքեն Եվրամիության կառույցները, որոնք այսօր քննարկում են Թուրքիայի անդամակցության հարցը»:


Ռուզաննա Ստեփանյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG