Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորները առաջարկում են կանխել ընտրական գովազդների գների մեծ թռիչքները


Ընդդիմադիր պատգամավորները Ընտրական օրենսգրքի հեղինակներին առաջարկություններ են ներկայացրել` քարոզարշավների ժամանակ հեռուստատեսային ընտրական գովազդների գների մեծ թռիչքները կանխելու համար:

«Օրինաց երկիր» խմբակցության անդամներ Հովհաննես Մարգարյանն ու Արտաշես Ավոյանը առաջարկել են սահմանել, որ նման գովազդի րոպեավճարի գինը չի կարող լինել ավելին, քան տվյալ հեռուստաընկերության առեւտրային գովազդների միջին րոպեավճարի կրկնապատիկը:

Հեղինակները, սակայն, չեն ընդունել առաջարկը:

Հանրապետական Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց. - «Անկեղծ ասած, այդ առաջարկը իր իմաստով ինձ համար ընկալելի է, բայց օրենսդրության առումով` Հայաստանի Հանրապետությունում ե’ւ Սահմանադրությամբ, ե’ւ օրենքներով, մենք չենք կարող սակագին սահմանել մասնավոր ընկերությունների վրա, մենք դրա իրավունքը չունենք: Որովհետեւ, եթե մենք փորձենք դա անել, անմիջապես Սահմանադրական դատարանը դա կհայտարարի հակասահմանադրական»:

Արտաշես Ավոյանը այս հիմնավորմանը համաձայն չէ:

«Ես չեմ կարծում, թե օրենքով հնարավոր չէր անդրադառնալ այդ հարցին եւ օրենսդրական կարգավորում տալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ավոյանը: - «Նաեւ փորձը ցույց է տալիս, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ որոշ հեռուստաընկերություններ բավական բարձր սակագներ էին սահմանել մեկ րոպե եթերի համար, եւ որոշ հեռուստաընկերությունների կողմից այդ սակագինը հասնում էր շուրջ 400 դոլարին համարժեք դրամի: Ցավ եմ ապրում, որ չընդունվեց առաջարկը, եւ կգործի նորից նույն հին նորմը օրենքի»:

Հարցին, թե արդյոք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի միջոցով հնարավո՞ր է խնդիրը կարգավորել, ընդդիմադիր պատգամավորը դժվարացավ պատասխանել. - «Առաջարկը վերջնականապես մերժելու պարագայում կքննարկենք նաեւ այդ հարցը, եւ ըստ այդմ համապատասխան քայլեր կձեռնարկվեն»:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ով նույնպես ընտրական գովազդի սակագնային քաղաքականության հետ կապված հարցեր է ներկայացրել Ընտրական օրենսգրքի հեղինակներին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց. - «Քարոզարշավը շահույթ չհետապնդող գործունեություն է, այնինչ քաղաքական գովազդը նույնիսկ կարող է մի քանի անգամ ավելի թանկ լինել, քան առեւտրային գովազդը, որը շահույթ է հետապնդում»:

«Հեռուստաընկերությունները պիտի հրապարակեն րոպեի գինը, կհասցնե՞ք մինչ այդ որեւէ ձեւով ազդել», - այս հարցին նա արձագանքեց. - «Պետք է փորձենք»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG