Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը այցելել է Թուրքիա


Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին այցելել է Անկարա, որտեղ երեկ հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:

Առանձնազրույցից հետո կայացած համատեղ ասուլիսում Էրդողանը հայտնել է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային հարցեր:

Նա հայտարարել է, թե պաշտոնական Անկարան պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը. - «Մենք ցանկանում ենք, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտությունները կարգավորվեն խաղաղ ճանապարհով»:

Թուրքիայի վարչապետն անդրադարձել է նաեւ մեսխեթցի թուրքերի Վրաստան վերադառնալու հարցին` գոհունակություն հայտնելով, որ Վրաստանում նրանց վերադարձը ապահովող օրենք է ընդունվել: Նա վստահեցրել է, որ Թուրքիան օգնություն կցուցաբերի մեսխեթցի թուրքերի հայրենադարձությանը, ինչպես նաեւ կօժանդակի նրանց վերաբնակեցման շրջանների զարգացման ծրագրերին:

«Մենք հավատում ենք, որ մեր երկու երկրների միջեւ նոր համագործակցության եւ բարեկամության կամուրջ կհիմնվի մեսխեթցի թուրքերի Վրաստան վերադառնալու միջոցով», - ասել է Էրդողանը:

Անդրադառնալով տարածաշրջանային ծրագրերին` Թուրքիայի վարչապետը նշել է, թե Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարը, Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազատարը եւ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգիծը իրականություն են դառնում:

Նողաիդելին հավաստիացրել է, որ Վրաստանը միշտ կաջակցի Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում: Նա նաեւ կարեւորել է Թուրքիայի աջակցությունը տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման գործում:

Զուրաբ Նողաիդելին արձանագրել է, որ առեւտրի բնագավառում Թուրքիան Վրաստանի թիվ մեկ գործընկերն է, անցյալ տարի երկու երկրների միջեւ առեւտրի ծավալները աճել են 40 տոկոսով:

Էրդողանը, իր հերթին, ասել է, թե երկու երկրների միջեւ առեւտրի ծավալները տարեվերջին կկազմեն շուրջ մեկ միլիարդ դոլար:

Նողաիդելին անդրադարձել է նաեւ Վրաստանի ներքաղաքական իրավիճակին` ասելով, թե հունվարի 5-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունները կօգնեն հաղթահարել քաղաքական ճգնաժամը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG