Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Հակառակորդը փողի մոլագարներն են» վերնագրի ներքո հետեւյալ մեջբերումն է անում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «հակասահմանադրական կոչերի համար» 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանին նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի ուղղած բաց նամակից. - «Այսօր չկա առճակատում ազգայնականի, կոմունիստի եւ ժողովրդավարի միջեւ, ինչպես ոմանք փորձում են մեզ ներկայացնել: Իսկական ազգայնականը, կոմունիստն ու ժողովրդավարը այսօր իրար փոխլրացնող են` երկրի առաջ ծառացած խնդիրներ, մրցակից ծրագրեր մշակելով. միմյանց ծրագրերը լրացնող, լավագույն լուծում գտնող եւ իրականացնող: Մեր հակառակորդը կեղծ ժողովրդավարն է, կեղծ ազգայնականն ու կեղծ կոմունիստը, ովքեր պատրանքներին տրված, փողի եւ իշխանության մոլուցքից ուղեղները մթագնած, իրենց էությունն աղճատած` կործանում են թե իրենց, թե երկիրը»:

Ըստ «Հայոց Աշխարհ» թերթի` ՍերժՍարգսյանը, դառնալով ՀՀԿ-ի նախագահ, կատարեց «վճռական, թեեւ ոչ վերջին քայլը՝ ողջ աշխարհում ընդունված մեծամասնության կուսակցության եւ բարձրագույն իշխանության միավորման ուղղությամբ»։ Թերթի պնդմամբ` «առաջնորդելով ՀՀԿ-ին՝ նա որոշակիորեն ռիսկի է դիմում, քանզի ընդհանուր առմամբ կուսակցությունները՝ որպես այդպիսիք, մեզանում մեծ ժողովրդականություն չեն վայելում»։ «Այլ կուսակցությունների երկրպագուների համակրանքը պահպանելն էլ նրա համար ավելի բարդ կլինի, քան «ողջ ժողովրդի նախագահի» կարգավիճակում», - գրել է թերթն ու եզրակացրել. - «Բայց այն, որ Սարգսյանը դիմեց այդ ռիսկին, նշանակում է, որ նա հիրավի շահագրգռված է մեզանում կուսակցաքաղաքական համակարգի կայացման հարցում»։

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, անդրադառնալով ՀՀԿ-ի համագումարում նախկինների հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած քննադատությանը, շեշտադրել է. - «Կարելի է չկասկածել, որ առաջիկայում Սերժ Սարգսյանն անպայման կխոսի նաեւ նախկինների «մազութ լափելու», կամ «հոսանքը հողին տալու» կամ «գետը լցնելու» եւ բազմաթիվ այլ մահացու մեղքերի մասին։ Կխոսի որպես մարսեցի, որը այդ ամենը ժամանակին ոչ տեսե՛լ է, ո՛չ էլ այդ շրջանի հետ առնչվել։ Ափսոս. փողը շատ բաների համարժեք է, դրանով կարելի է կազինոներ գնալ, ընտրություններ կեղծել, գնել ինչ սիրտդ ուզում է, անգամ՝ քո ուզած ապագան»։ «Բայց ահա», - ըստ մեկնաբանի, - «նույնիսկ շատ փողով անհնար է նոր անցյալ գնել։ Ինչ ունեցել ես՝ ունեցել ես։ Իսկ Սերժ Սարգսյանի անցյալը նույն այդ անիծյալ «նախկիններն են», ինքը նրանց իշխանության կարեւոր սյուներից մեկն է եղել, անկապտելի մասը՝ ուժային եւ իրավապահ կառույցներ է ղեկավարել»:

Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը «168 ժամ» թերթի հարցազրույցում հակադարձելով ՀՀՇ-ի վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի առաջարկին Հանրային հեռուստաեթերով Սերժ Սարգսյան - Լեւոն Տեր-Պետրոսյան բանավեճ կազմակերպելու վերաբերյալ, ասել է. - «Հիմա նման բանավեճ առաջարկելը, այն էլ՝ կոնկրետ ֆորմատով, նշանակում է՝ փորձել շահագործել Սերժ Սարգսյանի ակնհայտ բարձր վարկանիշը` դիմացինի վարկանիշը բարձրացնելու համար։ Ակնհայտ է, որ ցանկացած օպոնենտ, որը կհայտնվի Սերժ Սարգսյանի հետ նույն հարթակում, նույն եթերում, շատ շահեկան դիրքում է գտնվելու, որովհետեւ իր վրա է կրելու Սերժ Սարգսյանի բարձր վարկանիշի հետքային հետեւանքները։ Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ականների գործն է բարձրացնել այլոց վարկանիշներն ու ընդունել նման տեսակի առաջարկություններն այս պահին, երբ չկա բուն քարոզարշավային ֆորմատ»։

«Ժամանակ Երեւան»-ը պնդել է, թե «սկսվել է տոտալ ստուգումների, հալածանքների ու հետապնդումների շրջան»: Երեկ մայրաքաղաքի ինտերնետ-ակումբներից մեկի տերերը թերթին փոխանցել են, որ վերջերս իրենց ակումբ են այցելել ինչ-որ մարդիկ, որոնք ներկայացել են որպես հանրապետության նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներ, եւ պահանջել են իրենց տալ համակարգիչների «լոգինները» ու «ֆլեշկայով» տարել են դրանք: «Այսինքն», - եզրակացրել է թերթը, - «նրանց սկսել է հետաքրքրել, թե ինտերնետ-ակումբ այցելող մարդիկ ո՞ր վեբ-կայքերն են մտնում, ո՞ւմ հետ են հաղորդակցության մեջ: Հավանաբար ենթադրում են, որ առավել գաղտնի նամակագրությունը կիրականացվի ոչ թե կոնկրետ գրասենյակներից կամ անձնական համակարգիչներից, այլ հենց անանուն ինտերնետ-ակումբներից»: «Սա այլ կերպ, քան ստալինյան պարանոյա, դժվար է անվանել: Միեւնույն ժամանակ սա բիզնեսին խոչընդոտելու, մարդկանց անձնական կյանքին միջամտելու փաստ է, որն օրենքով արգելված է», - բխեցրել է թերթը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG