Մատչելիության հղումներ

Իրակլի Օքրուաշվիլին քաղաքական ապաստա՞ն կխնդրի


Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին, հավանաբար, արտասահմանյան երկրում քաղաքական ապաստան կխնդրի: Այդ մասին այսօր հայտնել է Օքրուաշվիլիի հիմնադրած «Հանուն միասնական Վրաստանի» կուսակցության ղեկավարներից Գեորգի Տորթիաձեն:

«Մենք դեռ չգիտենք` արդյո՞ք Օքրուաշվիլին ներկա կլինի դատարանում, ուր նոյեմբերի 16-ին լսվելու է իր գործը: Նա կարող է եւ բացակայել», - լրագրողներին ասել է Տորթիաձեն:

«Կովկասպրես» գործակալությունը նշում է, որ Տորթիաձեի հայտարարությունը հետեւեց Օքրուաշվիլիի կալանքի սանկցիայի համար գլխավոր դատախազության` Թբիլիսիի քաղաքային դատարան ներկայացրած միջնորդությանը:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նախկին զինակից Օքրուաշվիլին, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ, սեպտեմբերի վերջին կալանվել էր, ապա մոտ երկու շաբաթ անց ազատ արձակվել շուրջ 6 միլիոն դոլար գրավի դիմաց:

Նոյեմբերի սկզբին նախկին նախարարը մեկնել է Գերմանիա:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG