Մատչելիության հղումներ

Օլբրայթի եւ Քոհենի գլխավորած հանձնախումբը ԱՄՆ-ին օգնելու է կանխել ցեղասպանությունները


ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը եւ պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Քոհենը երեկ հայտարարել են ամերիկացի ազդեցիկ քաղաքական եւ հասարակական գործիչների ընդգրկող նոր հանձնախմբի ստեղծման մասին, որը Միացյալ Նահանգներին օգնելու է կանխել ցեղասպանությունները եւ զանգվածային վայրագությունները:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, հանձնախումբը, որի համանախագահներն են Օլբրայթը եւ Քոհենը, նախատեսում է 2008 թվականի դեկտեմբերին զեկույց հրապարակել` ապագա ցեղասպանությունները դիվանագիտական կամ ռազմական միջոցներով կանխելու գործում ամերիկյան հաջորդ վարչակազմին օժանդակելու նպատակով:

Հանձնախմբի ստեղծումը ազդարարելու համար հրավիրված ասուլիսին ներկաներից ոմանք, սակայն, կասկածի տակ են առել նախկին պետքարտուղարի եւ պաշտպանության նախկին նախարարի նախաձեռնության արդյունավետությունը` մատնանշելով նրանց ջանքերը ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի ընդունումը խափանելու ուղղությամբ:

Մադլեն Օլբրայթին հիշեցրել են նաեւ, որ 1994 թվականին, երբ նա դեռ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանն էր, պաշտոնական Վաշինգտոնը անգործություն ցուցաբերեց` չկանխելով Ռուանդայում թութսիների նկատմամբ գործադրված ցեղասպանությունը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ, Հայոց ցեղասպանության բանաձեւին առնչվող հարցերին, որոնք հնչեցվել են, հիմնականում, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում` ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական պարբերականների թղթակիցների կողմից, Օլբրայթը եւ Քոհենը պատասխանել են, թե իրենց նախաձեռնությունը միտված է ապագայում ցեղասպանությունների եւ զանգվածային ջարդերի կանխմանը:

«Ես կարծում են նաեւ, որ յուրաքանչյուր նախկին պետքարտուղար եւ ներկայիս պետքարտուղարը ճանաչել են հայերի հետ պատահած արհավիրքները որպես ողբերգություն», - ասել է, մասնավորապես, Մադլեն Օլբրայթը` հավելելով, թե սեպտեմբերի 25-ին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին յոթ այլ նախկին պետքարտուղարների հետ իր հղած նամակը, որում կոչ էր արվում քվեարկության չդնել թիվ 106 բանաձեւը, «առաջին հերթին այն մասին էր, թե արդյո՞ք այդ հարցը բարձրացնելու պատշաճ ժամանակն է»:

Նույնպիսի բովանդակությամբ նամակ Ներկայացուցիչների պալատի խոսնակին սեպտեմբերի 7-ին հղել էին Պենտագոնի նախկին երեք ղեկավարներ, այդ թվում` Ուիլյամ Քոհենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG