Մատչելիության հղումներ

«Մամուլի նկատմամբ ճնշումը հատուկ է դառնում Հարավային Կովկասի քաղաքական կյանքին»


Ընդդիմադիր մամուլի նկատմամբ ճնշումը աստիճանաբար դառնում է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ամբողջ Հարավային Կովկասի քաղաքական կյանքի բնորոշ առանձնահատկություններից: Այս կարծիքն է հայտնել բաքվեցի քաղաքական վերլուծաբան Ռասիմ Մուսաբեկովը` մեկնաբանելով Ադրբեջանում հերթական լրագրողի ազատազրկման փաստը:

Որպես օրինակ` ադրբեջանցի վերլուծաբանը վկայակոչել է անցած շաբաթ «Իմեդի» հեռուստաընկերության եթերազրկումը Վրաստանում եւ հոկտեմբերի 23-ին ընդդիմադիր թերթերի խմբագիրների ձերբակալությունը Հայաստանում:

«Ոչ միայն տպագիր, այլեւ էլեկտրոնային մամուլը Հարավային Կովկասում ենթարկվում է իշխանությունների ճնշումներին ու սահմանափակումներին», - հայտարարել է Մուսաբեկովը` շեշտելով. - «Ճիշտ է, մամուլն էլ հաճախ իրեն անթերի չի պահում, բայցեւայնպես, այն, ինչի ականատեսն ենք հիմա, նախեւառաջ, հետընթաց է, բացի այդ, անթույլատրելի է պետությունների համար, որոնք հռչակել են Եվրոպային ինտեգրվելու իրենց ցանկությունը»:

Շաբաթասկզբին բանտում հայտնվեց ադրբեջանցի արդեն 8-րդ ընդդիմադիր լրագրողը: Առաջատար ընդդիմադիր պարբերականներից մեկի`«Ազադլըղ»-ի գլխավոր խմբագիր Հանիմաթ Զահիդովին մեղադրեցին խուլիգանության մեջ` դատապարտելով երկու ամսվա ազատազրկման:

Ադրբեջանցի իրավապաշտպանների պնդմամբ` Զահիդովը ճաղերի ետեւում հայտնվեց պարզունակ ոստիկանական սադրանքից հետո, երբ Բաքվի կենտրոնում լրագրողի մասնակցությամբ ծեծկռտուք հրահրվեց:

Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով` Զահիդովի հետ կապված միջադեպը վկայում է, որ 2008-ի նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ իշխանությունները փորձում են որոշակիորեն ապահովագրել իրենց. - «Ցավոք սրտի, ընդդիմադիր պարբերականները շատ հաճախ իշխանության ներսում ընթացող կոմպրոմատների պատերազմում գործիքի են վերածվում: Կարծես թե այժմ որոշում է կայացվել նախապես չեզոքացնել այդ գործիքները»:

Քաղաքագետի տպավորությամբ` Զահիդովի ձերբակալությունը եւս մի պատճառ ունի. - «Ադրբեջանում եւ, որքան հասկանում եմ, հարավկովկասյան մյուս պետություններում ի հայտ է գալիս իշխանավորների մի խավ, որին քննադատել չի կարելի: Ովքեր այս չգրված կանոնը խախտում են` դաժանաբար պատժվում են»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG