Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Բուլղարիան ընդլայնելու են տնտեսական փոխհարաբերությունները


Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւը եւ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր կայացած բանակցությունների ավարտին ստորագրել են մի շարք պայմանագրեր, որոնք միտված են խթանելու երկու երկրների միջեւ տնտեսական փոխհարաբերությունները:

Համատեղ ասուլիսում երկու երկրների կառավարությունների ղեկավարները արդյունավետ գնահատեցին բանակցությունները:

«Բանակցությունները անցան կառուցողական, բարի մթնոլորտում: Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ ստորագրվեցին 5 պայմանագրեր, որոնք, կարծում եմ, կխթանեն մեր փոխհարաբերությունները», - ասաց Սերժ Սարգսյանը:

Սերգեյ Ստանիշեւը գտնում է, կա «լավ ներուժ», եւ «կարելի է ջանքեր գործադրել` ավելացնելու տնտեսական համագործակցության ծավալները:

«Ապրանքաշրջանառությունը Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ կազմում է ընդամենը 30 միլիոն դոլար: Սա բավարար չէ». - ասաց Բուլղարիայի վարչապետը:

«Իմ կոլեգան ասաց, որ մեր տնտեսական հարաբերությունները այդքան էլ լավ մակարդակի վրա չեն», - նշեց Սերժ Սարգսյանը: - «Իրոք, ապրանքաշրջանառության այն ծավալը, որ այսօր մենք ունենք, շատ քիչ է համեմատած մեր ներուժի հետ: Հայաստանը մեծ քանակով հիմա Բուլղարիային նավթամթերք է ներմուծում: Բուլղարիայից մենք կարող ենք շատ ավելի շատ արտադրանք ներմուծել: Հայաստանում կա արտադրանք, որի պահանջարկը ունի բուլղարական շուկան: Հենց այս պատճառով պարոն վարչապետը առաջարկեց հաջորդ տարի Բուլղարիայում անցկացնել բիզնես ֆորում»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG