Մատչելիության հղումներ

logo-print
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի պնդմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ տարի անձամբ իրեն սպառնացել է, թե Ռուսաստանը Աբխազիայում «նոր Կիպրոս» կսարքի եւ երկիրը կբաժանի երկու մասի:

Վրաց մանկավարժների հետ` երեկ երեկոյան կայացած հանդիպման ժամանակ Սահակաշվիլին հայտնել է, որ այդ զրույցը տեղի է ունեցել 2006 թվականի նոյեմբերին` Մինսկում կայացած ԱՊՀ-ի գագաթնաժողովի ժամանակ:

«Այժմ ես ուզում եմ ձեզ մի բան ասել, ինչի մասին նախկինում երբեք չեմ խոսել: Անցյալ տարի [ԱՊՀ-ի] Մինսկի գագաթնաժողովի ժամանակ նախագահ Պուտինը ինձ հատուկ ասաց, թե Ռուսաստանն Աբխազիայում «նոր Կիպրոս» է կազմակերպելու», - հայտարարել է Վրաստանի նախագահը:

Սահակաշվիլին հաստատել է Վրաստանի հակամարտությունների կարգավորման պետնախարար Դավիթ Բաքրաձեի երեկվա հայտարարությունը, թե Ռուսաստանը Աբխազիայի սահմանից սկսել է անցկացնել ծանր զրահատեխնիկա եւ ռազմական ստորաբաժանումներ` ասելով. - «Հենց երեկ Օչամչիրայի կայարան բերվեց մի քանի Տ-72 տանկ եւ հրետանի. մի բան, որ Ռուսաստանն արդեն քանի տարի չէր արել: Ռուսաստանը զենք է ներմուծել Աբխազիա: Այսօր առավոտյան մի քանի տասնյակ ավտոբուսներով Ռուսաստանից բերվել են ազգությամբ չեչեն զինվորներ, որոնք Փսոուի կողմից հատել են սահմանը եւ տեղակայվել Օչամչիրայի եւ Գալայի շրջաններում»:

Միխեիլ Սահակաշվիլին եզրակացրել է, թե Ռուսաստանն օգտվում է այս օրերին Վրաստանում ներքաղաքական իրավիճակի լարվածությունից եւ ցանկանում է երկիրը բաժանել երկու մասի: Նա հիշեցրել է 1973 թվականի իրադարձությունները, երբ Հունաստանում ներքին անկայունության հետեւանքով Կիպրոսը բաժանվեց երկու մասի:
«Ցանկանում եմ բոլորին ասել, որ ոչ ոք չպետք է փորձի օգտագործել նախընտրական շրջանը սադրանքներ կազմակերպելու համար: Բոլորը պետք է հիշեն, որ ինչպիսի անցումային շրջան էլ մենք ապրենք` ընտրություններ կամ սահմանադրական բարեփոխումներ, Վրաստանը միշտ ունենալու է շատ արդյունավետ աշխատող իշխանություններ` հակադարձելու համար նման սադրանքներին», - վստահեցրել է Վրաստանի նախագահը` հավելելով. - «Վրաց պետությունը եւ Վրաստանի իրավապահ ու անվտանգության կառույցները լիովին մոբիլիզացված են, որպեսզի Աբխազիան եւ Ցխինվալին ոչ ոք երբեք չկարողանա խլել մեզանից»:

Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է Աբխազիայի տարածք ռուսական զորամիավորումներ մտցնելու մասին վրացական կողմի պնդումները:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG