Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը «կպայքարի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու համար»


«Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առջեւ խնդիր է դրվելու հաղթահարել 2010 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլը եւ հանդես գալ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում», - երեքշաբթի օրը հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Լրագրողների հետ հանդիպմանը Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ ազգային հավաքականը «վերջապես խաղում է` օգտագործելով իր ողջ ներուժը»:

«Այս հարցում, անկասկած, մեծ է Յան Պորտերֆիլդի ավանդը», - ասաց ֆեդերացիայի նախագահը` հավելելով, որ առաջիկայում էլ հավաքականի ղեկը վստահվելու է արտասահմանցի մարզչի:

Այսօրվա ասուլիսի ընթացքում ֆեդերացիայի նախագահն անդրադարձավ նաեւ ֆեդերացիայի` վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած որոշմանը, համաձայն որի կառույցին հատկացված տարածքի մի մասը օգտագործվելու է որպես ներկայիս վարչապետ, Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ: Հարցին, թե արդյո՞ք այս որոշումը չի խանգարի ֆեդերացիայի աշխատանքներին, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց, թե «ֆեդերացիայի աշխատանքներին ոչինչ չի կարող խանգարել». - «Տարածքը տրամադրվել է վարձավճարով, եւ եկամուտներն օգտագործվելու են ֆուտբոլի զարգացման համար»:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG