Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահին առընթեր ստեղծվում է ռազմավարական հետազոտությունների կենտրոն


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է հրամանագիր ռազմավարական հետազոտությունների կենտրոն ստեղծելու մասին: Հրամանագրում նշված են կենտրոնի նպատակները եւ կառուցվածքը: Կենտրոնը ենթարկվելու է նախագահին:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, փաստաթղթի ներածական բաժնում ասված է, որ «գլոբալացման պայմաններում հանրապետության դինամիկ զարգացումը եւ համաշխարհային տնտեսությանը ինտեգրումը ապահովելու համար անհրաժեշտ է անցկացնել պետական նշանակության ռազմավարական հետազոտություններ»:

Հետազոտությունները վերաբերելու են կառավարման գործընթացի կատարելագործմանը, հասարակության ներսում սոցիալ-քաղաքական իրավիճակի վերլուծությանը:

Կենտրոնն իրականացնելու է սոցիոլոգիական հարցումներ եւ համակարգելու է ռազմավարական բնույթի հետազոտությունները:

Ներածականում նշվում է նաեւ, որ «հայ - ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության մասին ճշմարտությունը համաշխարհային հանրությանը հասցնելու համար անհրաժեշտ է իրականացնել լուրջ գիտական հայեցակարգի վրա հիմնված լայնածավալ ծրագրեր»:

Նախագահի հրամանագրի համաձայն` կենտրոնին հատկացվում է 30 հաստիք:

Ադրբեջանի արդարադատության նախարարությանը հանձնարարվել է 15 օրում ապահովել կենտրոնի գրանցումը:

Ադրբեջանի կառավարությունը մեկ ամսում պետք է կենտրոնն ապահովի համապատասխան շենքով, անհրաժեշտ սարքավորումներոով եւ լուծի կենտրոնի ֆինանսավորման հարցերը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG