Մատչելիության հղումներ

Անցած գիշեր թռուցիկներ փակցնելու համար ձերբակալվել են Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանը եւ միության անդամ Էդմոն Մակարյանը: Շուրջ երեք ժամ ոստիկանության Կենտրոնի բաժնում պահվելուց հետո նրանք ազատ են արձակվել:

«Գիշերը Օպերայի հատվածում մեզ ձերբակալեցին եւ տարան Կենտրոնի քաղմաս` թռուցիկներ փակցնելու հետ կապված: Դրանք թռուցիկներ էին, որտեղ վերեւը վարչապետ Սերժ Սարգսյանի նկարն էր, վրան խաչ էր արված եւ տակն էլ գրված էր` «Սարգսյան Սերժին հայը կմերժի», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Նարեկ Գալստյանը. - «Ձերբակալեցին, տարան, պահեցին, այնուհետեւ բացատրություն վերցնելուց հետո բաց թողեցին: Ժամը 23:00-23:30-ի կողմերը ձերբակալվել ենք, 2:20-ի կողմերը, երբ արդեն հավաքվում էր բազմությունը, եւ նաեւ մեր ծնողները եկան, բաց թողեցին»:

Այդ շուրջ երեք ժամվա ընթացքում, ըստ նրա, ոստիկանությունում իրենց ասում էին, թե «չարժե այդ տիպի թռուցիկներ փակցնել»:

«Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահը պարզաբանեց, որ փորձել են թռուցիկների միջոցով իրենց տեսակետը հայտնել առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված` «ուրիշ PR-միջոց չգտնելով պայքարելու կամ մեր տեսակետը հայտնելու, որովհետեւ բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները գտնվում են իշխանությունների վերահսկողության ներքո»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարում` Նարեկ Գալստյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG