Մատչելիության հղումներ

logo-print
Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) ավարտել է ստուգումները Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունում եւ, ինչպես փոխանցեցին ՀՊԾ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից, ստուգման արդյունքները ուղարկվելու են դատախազություն:

Ըստ ՀՊԾ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի` երեկ տարածած հաղորդագրություն, Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության «Չապ» ՍՊԸ-ում իրականացվող` բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման արդյունքում Հարկային պետական ծառայությունը հայտնաբերել է, որ 2005 թվականի սեպտեմբերից մինչեւ 2007 թվականի սեպտեմբեր ընկերությունը հեռուստատեսային գովազդային ծառայությունների մասով թաքցրել է իրացման շրջանառության իրական ծավալները` խուսափելով իրական հարկային պարտավորությունները բյուջեի նկատմամբ կատարելուց:

Անցկացված ստուգման արդյունքում, ըստ հաղորդագրության, նշված ժամանակահատվածում ընկերության լրացուցիչ հարկային պարտավորությունները կազմել են շուրջ 26 միլիոն դրամ. - «Հարկային մարմինների ստուգման արդյունքում պարզվել է նաեւ, որ «Չապ» ընկերությունը առանց նման գործունեության համար օրենքով պահանջվող լիցենզիայի 2000-2001, ինչպես նաեւ 2003-2004 թվականներին զբաղվել է «Բենգալյան կրակների» արտադրությամբ: Բացի այդ, Գյումրիում գործող մի քանի խանութներում կատարված ստուգումներով պարզվել է, որ նույն պիտակով «Բենգալյան կրակներ» են վաճառվել նաեւ 2006 թվականի դեկտեմբերին»:

ՀՊԾ-ի հայտնաբերած հերթական խախտումը կապված է ընկերության կողմից Գյումրիի Վազգեն Սարգսյան 6ա հասցեի հարեւանությամբ գտնվող հեռուստաաշտարակի օգտագործման հետ: Հարկային պետական ծառայության փոխանցմամբ, հեռուստաաշտարակը չի պատկանում, կամ չի վարձակալված ընկերության կողմից:

«Չապ» ընկերության հիմնադիր նախագահ Վահան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հաղորդագրությունում հիմնականում «սուտ ու սխալ բաներ են գրված»:

Ինչ վերաբերում է շուրջ 26 միլիոն դրամ գումարի հարկային պարտավորություններից խուսափելուն, ապա Խաչատրյանը նշեց. - «Այդ ծավալները ո’չ ես գիտեմ, ո'չ իրենք գիտեն, որովհետեւ ես չգիտեմ, թե իրենք որտեղից են այդ թվերը վերցրել: Որովհետեւ այն թվերը, որ իրենք վերցրել էին Ամալյանի մոտից [Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից - ՀՌԱՀ], չեն բռնում այն թվերին, որ մենք ուղարկել ենք ՀՌԱՀ»:

Հարկային ծառայության տարածած հաղորդագրությունում տեղ գտած երեք փաստերից թերեւս մեկի հետ Վահան Խաչատրյանը համաձայն է, այն էլ` մասնակիորեն: Նա չի ժխտում, որ զբաղվել է «Բենգալյան կրակների» արտադրությամբ` «ամիսուկես` 2000 թվականին»:

«Արտադրել ենք մոտ 11 հազար տուփ: Այն գներով դա կազմում էր մոտ 1000 դոլարի կարգի թիվ», - շարունակեց նա: - «Բայց ծիծաղելի է 7 տարի հետո ասել, որ զբաղվել են... Ես այդ արտադրությունից պետությանը հարկեր եմ մուծել»:

Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունում ստուգումները սկսվեցին այն բանից հետո, երբ հոկտեմբերի 14-ին «Գալա»-ն ամբողջությամբ եթեր հեռարձակեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG