Մատչելիության հղումներ

Նախկին իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հայտարարեց, որ իրենք պատրաստ են մասնակցել ներկայիս իշխող կուսակցության` Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ), հետ հեռուստաբանավեճի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Դիտարկմանը, որ արդեն մի քանի տարի հնչում են փոխադարձ մեղադրանքներ` ներկաները մեղադրում են նախկիններին, իսկ նախկինները` ներկաներին, եւ հարցին, թե կգա՞ արդյոք ժամանակը, երբ, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում, հրապարակավ հնչեցվեն հարցեր եւ տրվեն պատասխաններ, Արարատ Զուրաբյանը արձագանքեց. - «Չի կարելի խոսել փոխադարձ մեղադրանքների մասին, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը տվել է քաղաքական գնահատական երեւույթներին, [մինչդեռ] ի պատասխան հնչել են մերկապարանոց մեղադրանքներ ինչ-որ չարության, ինչ-որ ռեւանշիզմի, ինչ-որ անհասկանալի երեւույթների մասին: Բայց օդում կախված են մնացել այն բոլոր հարցադրումները, որ արել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դրանց որեւէ քաղաքական պատասխան չի եղել»:

«Եթե պատրաստն են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, մենք պատրաստ ենք Հանրային հեռուստատեսությամբ... նրանց հետ հրապարակային բանավեճի` ցանկացած ժամանակահատվածում», - ավելացրեց նա: - «Սա կլինի միակ եւ ճիշտ ճանապարհը»:

Անցած շաբաթավերջին ՀՀԿ-ի 11-րդ համագումարում վարչապետ Սերժ Սարգսյանը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրեց, որ երկրի նախագահի բարձր պաշտոնում «ժողովրդին անմնացորդ չծառայեց», սեփական կամքով լքեց Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը` թողնելով «թողնելով հուսահատության եզրին հասած ժողովուրդ, քայքայված տնտեսություն, անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, պարտվողական տրամադրություններ»:

Արարատ Զուրաբյանը այս կապակցությամբ ասաց, որ առաջին նախագահը այս ու մի շարք այլ հարցերի պատասխանները կտա, հավանաբար, առաջիկա հանրահավաքի ժամանակ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG