Մատչելիության հղումներ

logo-print

Իսրայելի նախագահը Անկարայում է


Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը այսօր ժամանել է Անկարա, որտեղ հանդիպելու է Թուրքիայի ղեկավարության հետ: DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, վաղը նա ելույթ է ունենալու Թուրքիայի Ազգային մեծ ժողովում:

Շիմոն Պերեսին Անկարայի օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

Լրատվական գործակալությունները նշում են, որ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունների պատմության ընթացքում Իսրայելի բարձրաստիճան ղեկավարները մինչ այդ երբեւէ ելույթ չեն ունեցել այդ մահմեդական երկրի խորհրդարանում:

Պերեսից բացի, Թուրքիայի խորհրդարանում ելույթով հանդես կգա նաեւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, ով Անկարա է ժամանելու այսօր ավելի ուշ:

Անկարայում քննարկվելիք հարցերից մեկը Հորդանանի արեւմտյան ափի շրջանում արդյունաբերական համալիր ստեղծելու` Թուրքիայի առաջարկն է, որի իրականացումը մեծ թվով աշխատատեղեր կապահովի պաղեստինցիների համար:

Նախագահներ Պերեսն ու Գյուլը համատեղ ասուլիս են հրավիրել: Իսրայելի նախագահը հույս է հայտնել, որ իր երկիրը կարող է խաղաղություն կնքել Պաղեստինի հետ: «Սակայն դա չի կարող շատ արագ պատահել, դա ժամանակ կպահանջի», - ասել է Շիմոն Պերեսը:

Թուրքիայի նախագահը, իր հերթին, նպատակահարմար է համարել, որ Սիրիան նույնպես մասնակցի նոյեմբերի վերջին կայանալիք իսրայելա - պաղեստինյան բանակցություններին:

Նոյեմբերի վերջին ԱՄՆ-ում՝ Մերիլենդ նահանգի մայրաքաղաք Աննապոլիսում ամերիկացի միջնորդների նախաձեռնությամբ տեղի կունենան իսրայելցի եւ պաղեստինցի պաշտոնյաների բանակցությունները, որոնց նպատակն է փակուղուց դուրս բերել իսրայելա - պաղեստինյան բանակցային գործընթացը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG