Մատչելիության հղումներ

Եվրոբանկը Հայաստանին խորհուրդ է տալիս ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականություն վարել


Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը անցումային շրջանում գտնվող երկրներին նվիրված զեկույցում Հայաստանին խորհուրդ է տալիս արդյունաբերության ոլորտը ավելի բազմազան դարձնելու համար բարելավել գործարար միջավայրն ու ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականություն իրականացնել:

«Արտասահմանյան եւ տեղական ընկերությունները շարունակում են խոչընդոտների հանդիպել Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղեր մտնելիս, ինչը էականորեն խանգարում է արդար մրցակցության ծավալմանը», - արձանագրում է Եվրոպական բանկը իր զեկույցում: - «Մրցակցության պակաս է զգացվում հատկապես մեծ պահանջարկ ունեցող ապրանքների շուկայում` հիմնականում այն պատճառով, որ որոշ մենաշնորհներ վերահսկում են լայն սպառման ապրանքների ներկրումը»:

Զեկույցը հիշեցնում է, որ նախկինում Հայաստանը մի քանի անգամ դասվել է ԱՊՀ-ի անդամ այն երկրների շարքում, որտեղ խորհուրդ է տրվում զբաղվել գործարարությամբ: «Սակայն կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող Transparency International միջազգային կազմակերպության վերջին զեկույցը բացահայտել է, որ նախորդ երեք տարիներին Հայաստանում կաշառակերության ընկալման համաթիվը աճել է», - նկատում է Եվրոպական բանկը:

Անդրադառնալով 2006 թվականին, ինչպես նաեւ այս տարվա առաջին վեց ամիսներին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներին ` զեկույցը արձանագրում է, որ այդ աճի շարժիչ ուժը երկրում թափ առած լայնածավալ շինարարությունն է, որը հիմնականում իրականացվում է արտասահմանից փոխանցվող գումարների միջոցով: Փոխարենը, արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում մի փոքր լճացում է նկատվում:

«Ընդհանուր առմամբ, մեծ պահանջարկ ունեցող ապրանքների շուկան շարունակում է մնալ սահմանափակ` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններ չունենալու պատճառով», - գրում են միջազգային փորձագետներն ու հավելում. - «Սա գործարարության զարգացման հիմնական խոչընդոտներից է, ընդ որում, ոչ միայն այն պատճառով, որ հայկական ապրանքները զրկվում են լայն շուկա դուրս գալու հնարավորությունից, տրանսպորտային ծախսերն էլ թանկանում են, այլեւ այն պատճառով, որ ավելանում է կախվածությունը արտոնյալ պայմաններով գումարներ տրամադրող դոնորներից ու միջազգային ֆինանսական կառույցներից»:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի զեկույցը նաեւ փաստում է, որ ի տարբերություն անցումային շրջանում գտնվող այլ պետությունների` Հայաստանում աշխատավարձերը շարունակում են մնալ ցածր, միեւնույն ժամանակ, շարունակում է մտահոգության տեղիք տալ հարկահավաքման ցածր մակարդակը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG