Մատչելիության հղումներ

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուրբաթ երեկոյան հայտարարություն է տարածել «Ղարաբաղ կոմիտեի» քրեական գործի նյութերի մասին: Ներկայացնում ենք հայտարարությունը ամբողջությամբ:

«1995 կամ 1996 թվականին իմ խնդրանքով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանը «Ղարաբաղ կոմիտեի» գործի հատորները ուղարկել է Նախագահի նստավայր եւ համապատասխան ձեւակերպմամբ հանձնել նրա աշխատակազմին։ Դա արվել է՝ 1998 թվականին Ղարաբաղյան շարժման տասնամյա տարեդարձի առթիվ բացվելիք թանգարանում ի պահ դրվելու նպատակով։ Իշխանափոխությունից հետո «Ղարաբաղ կոմիտեի» գործի նյութերը տեղափոխվել են իմ անձնական արխիվ եւ մինչ այժմ պահվել ամբողջական վիճակում։ Արտավազդ Գեւորգյանին հաջորդած գլխավոր դատախազներից ոչ մեկը «Ղարաբաղ կոմիտեի» գործի նյութերը վերադարձնելու խնդրանքով կամ պահանջով ինձ չի դիմել։ Այսօր էլ գտնում եմ, որ այդ նյութերը պահելու ամենահարմար տեղը Ղարաբաղյան շարժման թանգարանն է, որը վաղ թե ուշ պետք է բացվի։ Սակայն եթե կա որեւէ անհրաժեշտություն, ես պատրաստ եմ դրանք անմիջապես վերադարձնել դատախազության արխիվ»։

Նույն օրը ավելի վաղ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողներին ասել էր, որ գլխավոր դատախազության արխիվից անհետացած «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործը Հայաստանի առաջին նախագահի մոտ է, եւ նրան է հանձնվել 1996 թվականի նոյեմբերի 6-ին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG