Մատչելիության հղումներ

«Եվրամիությունը սկսել է իրեն Ռուսաստանի ենթակայի պես պահել»


«Չնայած իր տնտեսական հզորություններին ու ռազմական կարողություններին` Եվրամիությունը սկսել է իրեն այնպես պահել, ասես օրըստօրե ավելի ու ավելի կոշտ քաղաքականություն որդեգրող Ռուսաստանի ենթական է», - արձանագրել են Եվրամիության անդամ 27 երկրների փորձագետները եվրոպական ընտանիքի ու Ռուսաստանի հարաբերություններին նվիրված զեկույցում:

Վերլուծաբանների համոզմամբ, բավական մտահոգիչ այս իրավիճակը ստեղծվել է Եվրամիության անդամ երկրների շարքում ի հայտ եկած տարաձայնությունների եւ սեփական ուժերի հանդեպ անվստահության պատճառով:

«Եվրոպական ընտանիքի անդամները չեն կարողանում փոխհամաձայնության գալ եւ պաշտոնական Մոսկվայի հանդեպ մեկ միասնական քաղաքականություն որդեգրել, ինչը հնարավորություն է տալիս Ռուսաստանին ընդարձակել Եվրամիության նկատմամբ իր ունեցած լծակները` խաղարկելով մեկ Կոսովոյի հարցը, մեկ էներգետիկ պայմանագրերը», - ասել է փորձագիտական խմբի ղեկավար, Գերմանիայի նախկին արտգործնախարար Յոշկա Ֆիշերը:

Պաշտոնական Մոսկվայի հանդեպ եվրոպական երկրների` այս պահին խիստ տարբեր դիրքորոշումները փորձագետները բաժանում են հինգ խմբի:

Առաջին խմբում Հունաստանն ու Կիպրոսն են, որոնք բնորոշվում են որպես «տրոյական ձիեր» եւ աչքի են ընկնում Ռուսաստանի շահերին համընկնող որոշումներով:

Երկրորդ խմբում են ռազմավարական գործընկերներ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ու Իսպանիան, որոնք սեփական շահը, մասնավորապես, էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ կնքած պայմանագրերը գերադասում են Եվրամիության ընդհանուր քաղաքականությունից:

Հաջորդ խմբում ընդգրկված 10 երկրները, այդ թվում` Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Հունգարիան, բնորոշվում են որպես լավատեսներ, որոնց հարաբերությունները Ռուսաստանի հետ թեեւ աչքի չեն ընկնում ընդգծված ջերմությամբ, այդուամենայնիվ, բավական ամուր են:

Ի տարբերություն այս երկրների, Եվրամիության անդամ 9 երկրներ` այդ թվում Չեխիան, Էստոնիան, Lատվիան ու Մեծ Բրիտանիան, բնորոշվում են որպես «սառը լավատեսներ», որոնք առաջին տեղում դասելով իրենց երկրների տնտեսական շահը` այդուամենայնիվ, շարունակում են քննադատել Ռուսաստանին մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոտնահարման համար:

Վերջապես, հինգերորդ խմբում ընդգրկված են Lեհաստանն ու Lիտվան, որոնք փորձում են վետո կիրառել Եվրամիության եւ Ռուսաստանի բանակցություններում եւ բնորոշվում են որպես «սառը պատերազմի» շարունակողներ:

«Այս տարաձայնությունները թույլ են տալիս պաշտոնական Մոսկվային գերազանցել Եվրամիությանը, սակայն Ռուսաստանի հզորությունը խաբուսիկ է», - ընդգծում է զեկույցն ու մանրամասնում. - «Եվրամիության միասնական տնտեսությունը 15 անգամ ավելին է, քան Ռուսաստանինը, ռազմական բյուջեն` 7 անգամ, բնակչությունը` 3 անգամ»:

«Եթե եվրոպական երկրները միավորվեն` կզգան իրենց կարողությունների հզորությունը», - ամփոփում են եվրոպացի փորձագետները:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG