Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության եւ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Հանդիպման ավարտին Տեր-Պետրոսյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Հովհաննիսյանը միանալու է իրեն, արձագանքեց. - «Կլինի պաշտոնական տեղեկատվություն»:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը:

Վերջինս «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Եղել է ընդհանուր խոսակցություն երկրի առջեւ ծառացած պրոբլեմներից, ընտրական գործընթացից, նախապատրաստական փուլից»:

Խաչատրյանի պնդմամբ` երկու գործիչների միավորվելու հարց այսօրվա հանդիպմանը չի քննարկվել. -«Միացման, փոխադարձ սատարման եւ այլնի խնդիր ո’չ առաջին նախագահի կողմից, ո’չ մեր կողմից չի բարձրացվել»:

«Կոնկրետ համաձայնություն` որպես այդպիսին, կարող եմ նշել միայն այն, որ քաղաքական ողջ այս գործընթացի շրջանակներում լինելու է մաքսիմալ փոխադարձ կոռեկտություն: Կոնսուլտատիվ բնույթի հանդիպումները կարող են նաեւ լինել հետագայում»:

Նոյեմբերի 16-ի հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության հարցը, Խաչատրյանի վստահեցմամբ, չի քննարկվել:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG