Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանում 2008-ի հունվարի 5-ին տեղի կունենան նախագահական վաղաժամկետ ընտրություններ


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նոյեմբերի 8-ին հայտնել է, որ 2008 թվականի հունվարի 5-ին երկրում տեղի կունենան վաղաժամկետ նախագահական ընտրություններ:

Հեռուստատեսությամբ դիմելով հայրենակիցներին` Սահակաշվիլին ասել է, որ «այդ քվեարկությունն անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը ստանալու համար»:

«Դուք վաղաժամկետ ընտրություննե՞ր էիք ուզում, հիմա դա տեղի կունենա նույնիսկ ձեր պահանջած ժամկետից ավելի շուտ», - ասել է Վրաստանի նախագահը:

Լրատվական գործակալությունները նշում են, որ Սահակաշվիլին նաեւ առաջարկել է խորհրդարանական ընտրությունների ժամկետի հարցը նույն օրը՝ 2008-ի հունվարի 5-ին ներկայացնել «պլեբիսցիտի»՝ համաժողովրդական հարցման:

«Ռոյթերզ» գործակալությունը նշում է, որ Վրաստանի սահմանադրության համաձայն, ընտրությունների օրվանից 45 օր առաջ նախագահը պարտավոր է հրաժարական տալ, ինչը ենթադրում է, որ նոյեմբերի վերջին նա պետք է ազատի պաշտոնը:

Խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները նախատեսվում էր անցկացնել համապատասխանաբար՝ գարնանը եւ աշնանը: Մի քանի ամիս առաջ Սահակաշվիլին խորհրդարանին համոզել էր երկու ընտրությունները անցկացնել միաժամանակ` 2008 թվականի աշնանը:

Վերլուծաբանների կարծիքով, դիմելով այդ քայլին, Սահակաշվիլին ցանկանում էր նպաստել իրեն աջակցող «Ազգային շարժում» կուսակցությանը խորհրդարանում մեծամասնություն ապահովելուն: Հաշվարկն այն էր, որ երկու քվեարկությունների համատեղման պարագայում բնակչության մեծ մասի աջակցությունը վայելող նախագահի գործոնն անպայման լրացուցիչ քվեներ կապահովեր «Ազգային շարժման»-ը:

Ընդդիմությունն անընդունելի էր որակել Սահակաշվիլիի առաջարկը:

Իր այսօրվա հեռուստաուղերձում Սահակաշվիլին նաեւ ասել է, որ արտակարգ դրությունն առաջիկա օրերին կարող է չեղյալ հայտարարվել:

Մեկնաբանելով 2008 թվականի հունվարի 5-ին նախագահական վաղաժամկետ ընտրություններ նշանակելու որոշումը` Սահակաշվիլին ասել է. - «Ես, որպես երկրի առաջնորդ, ունեմ ձեր վստահության մանդատի կարիքը` դրսից բխող վտանգները, գործադրվող ճնշումները դիմագրավելու, Վրաստանի տարածքը զավթելու սպառնալիքը վնասազերծելու համար»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG