Մատչելիության հղումներ

«Ցույցերը պետք է դադարեցնել եւ գնալ տուն», - երեկ երեկոյան հայրենակիցներին այսպիսի կոչով է դիմել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Անդրադառնալով նույն օրը մայրաքաղաքում իրավապահների եւ ընդդիմության հանրահավաքի մասնակիցների միջեւ տեղի ունեցած ընդհարմանը` Վրաստանի նախագահը վստահեցրել է. - «Ես լրջորեն անհանգստացած էի այն իրավիճակով, որ ստեղծվել էր Թբիլիսիի կենտրոնում: Վրացական ոստիկանությանը հրահանգվել էր քաղաքակիրթ մեթոդներով ազատել Ռուսթավելիի պողոտայի երթեւեկելի մասը: Կարող եմ ասել, որ վրացական ոստիկանությունը գործել է այնպես, ինչպես գործում են իրավապահները եվրոպական երկրներում, օրինակ` Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում եւ Էստոնիայում»:

Տեղի ունեցածի ամբողջ մեղքը Սահակաշվիլին դրել է ընդդդիմության առաջնորդների եւ ռուսական հատուկ ծառայությունների ուսերին. - «Վրաստանն այսօր աննախադեպ ճնշման է ենթարկվում: Վրաստանի տարածքում գործող ռուսական գործակալական ցանցը ակտիվացել է: Ավելին, Մոսկվայում արդեն իսկ ստեղծվել է Վրաստանի այլընտրանքային կառավարություն, քանի որ Ռուսաստանում քաղաքական որոշում էր կայացվել մինչեւ տարեվերջ ազատվել Սահակաշվիլիից: Սկզբում ես այդ ամենին լուրջ չէի վերաբերվում, բայց հիմա տեսնում եմ, որ այդ ուժերին հաջողվեց մասամբ հասնել իրենց նպատակներին: Այս ամենի ֆոնին մենք պարտավոր ենք վերականգնել կարգուկանոնը Թբիլիսիի փողոցներում»:

Վրաստանի նախագահը նաեւ խոստացել է, որ Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանատան մի շարք աշխատակիցներ կվտարվեն երկրից, քանի որ նրանց գործունեությունն անհամատեղելի է դիվանագետի կարգավիճակի հետ:

Արձագանքելով թբիլիսյան իրադարձություններին` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովը հայտարարել է. - «Այն, ինչ տեղի է ունենում` Վրաստանի եւ վրաց ժողովրդի ներքին գործն է: Սակայն մենք չենք կարող անտարբեր մնալ այդ ամենի նկատմամբ` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իրադարձություններից օգտվելով` վրացական իշխանությունները փորձում են տապալել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցով ընթացող բանակցությունները»:

Վերջին անգամ Վրաստանի մայրաքաղաքում ցուցարարներն ու ոստիկանները ընդհարվել էին 90-ականների կեսերին: Վրաց վերլուծաբանները շեշտում են, որ նույնիսկ «Վարդերի հեղափոխության» ընթացքում նման կատաղի ընդհարումներ չէին եղել:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG