Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը նոյեմբերի 19-20-ը կայցելի Ֆրանսիա


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 19-20-ը պաշտոնական այց է կատարելու Ֆրանսիա: Այդ մասին «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Ըստ նրա` երկու կողմերը այժմ նախապատրաստական աշխատանքներ են կատարում այցի օրակարգի եւ ծրագրի վրա:

Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանի նախագահը հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ. հանդիպմանը քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Ադրբեջանի արտգործնախարարը, քննարկվելու է երկկողմ համագործակցության ամբողջ շրջանակը, այդ թվում` տնտեսական բնույթի հարցեր:

2007 թվականի ընթացքում սա կլինի Ալիեւի երկրորդ այցելությունը Ֆրանսիա: Տարվա սկզբին` հունվարի 29-31-ը, Ադրբեջանի նախագահը Ֆրանսիա էր այցելել նախկին նախագահ Ժակ Շիրակի հրավերով:

Մամեդյարովը «Թրենդ»-ին ասել է նաեւ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը հնարավոր է կայանա այս ամսվա վերջին Մադրիդում:

«Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստում են հանդիպում Մադրիդում` նոյեմբերի վերջերին: Հիմա ես լուրերի եմ սպասում միջնորդներից ապագա պլանների մասին», - նշել է Ադրբեջանի արտգործնախարարը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG