Մատչելիության հղումներ

Ե՞րբ է անհետացել «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործը


«Ղարաբաղ» կոմիտեի նկատմամբ 1988 թվականի դեկտեմբերին հարուցված քրեական գործի անհետացման մասին հայտնի է դարձել անցած հոկտեմբերի վերջին միայն: 1989-ին «իրադրության փոփոխության պատճառով» կարճված քրեական գործին անդրադառնալու առիթը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, եղել այն, որ հոկտեմբերին «Գլխավոր դատախազությունը կոնկրետ լրատվական միջոցի կողմից ստացել էր գրություն տվյալ քրեական գործի նյութերին ծանոթանալու խնդրանքով»:

«Եվ այդ գրությանը պատասխանելու ընթացքում», - շարունակեց Տռուզյանը, - «ի հայտ էր եկել, որ Դատախազության արխիվում «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործը բացակայում է»:

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որոշմամբ, հոկտեմբերի 31-ին նշանակված ծառայական քննության շրջանակներում արդեն բացատրություններ են տվել Գլխավոր դատախազության արխիվի ինչպես նախկին, այնպես էլ ներկա տնօրենները:

Մինչ ծառայական քննությունը շարունակվում է, տարբեր ասեկոսեներ ու վարկածներ են շրջանառվում. ե՞րբ է արհետացել քրեական գործը` նախկի՞ն, թե՞ ներկա իշխանությունների օրոք, ի՞նչ գաղտնիքներ է այն պարունակել, ինչո՞ւ հենց հիմա է այդ «կոնկրետ լրատվամիջոցը» խնդրել գործը:

Անհասկանալի է, այդուամենայնիվ, թե ինչպես կարող էր երկրի Գլխավոր դատախազությունից անհետանալ 50 հատորանոց քրեական գործը, ինչի մասին հայտնի է դառնում սոսկ պատահականորեն:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը այսպես է մեկնաբանում. - «Եթե մի դատախազությունում դատախազ է գնդակահարվում իր կաբինետում ու հիմա էլ քրեական գործ է կորել, այն էլ «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործն է կորել, այդ դեպքում այդ դատախազությունը, որը այդ ամենը չի կարողանում հսկել, վերահսկել, ինչպե՞ս է վերահսկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ իրականացվող քրեական հանցագործությունները»:

Գլխավոր դատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին ասացին նաեւ, որ իրենց արխիվից որեւէ քրեական գործ տրամադրում են «հատուկ ընթացակարգով եւ թույլտվությամբ», գործին ծանոթանալ կամ այն պատճենահանել կարելի է միայն դատախազության շենքում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի մեկ այլ անդամ, Ազգային ժողովի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը այս կապակցությամբ ասաց. - «Այդ գործի հետ ես վերջին անգամ առնչվել եմ 1989 թվականին երեւի... այն ժամանակ հնարավորություն կար ծանոթանալ այդ գործին: Ի դեպ, պետք է ասեմ, որ այդ գործին, եթե մենք ուզում էինք ծանոթանալ, դատախազության շենքում կարող էինք գրառումներ անել: Բայց ո’չ պատճենահանում, ո’չ այդ գործը տանել տուն... Դրանից հետո բացարձակապես տեղյակ չեմ այդ գործի ճակատագրի մասին»:

Արարքցյանի խոսքերով, այժմ «ինչ-մի շղթա է մտածված «Ղարաբաղ» կոմիտեի նկատմամբ». - «Այդ շղթայի օղակներից մեկը այդ գործը կորցնելու պատրվակն է: Հետագայում կտեսնենք, թե մեր իշխանավորների ֆանտազիան ինչքան կհերիքի այս փաստը օգտագործելու համար, որովհետեւ ակնհայտ է, որ 50 հատորանոց գործը չի կարող արխիվից այդպես միանգամից անհետանալ»:

Հարկ է նշել, որ շրջանառվող վարկածներից մեկն էլ այն է, որ նշված քրեական գործն անհետացել է մինչեւ 1998 թվականը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG