Մատչելիության հղումներ

Վարչապետը ընդունել է ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարին


Վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնին:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել վարչապետի` Միացյալ Նահանգներ կատարած պաշտոնական այցին, որը ամերիկացի դիվանագետը գնահատել է որպես բավական արդյունավետ: Նա առանձնացրել է հատկապես «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչի հետ հանդիպումը, որի ժամանակ դեսպան Դանիլովիչը շնորհավորել էր Սերժ Սարգսյանին` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ - Հայաստան»-ի կառավարման խորհուրդը հաջողությամբ ղեկավարելու եւ «Հազարամյակի մարտահրավեր» հայաստանյան ծրագրի իրականացման առաջընթացի կապակցությամբ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Ջոզեֆ Փենինգթոնը եւ Սերժ Սարգսյանը անդրադարձել են տնտեսական զարգացման շնորհիվ «ցածր եկամուտների երկրից» դեպի «միջին եկամուտների երկիր» Հայաստանի անցման արդյունքում Հայաստանի առջեւ դրվող ավելի բարձր չափանիշներին ու, ըստ այդմ, նոր իրավիճակում` ստանձնած պարտավորությունների կատարման հնարավոր դժվարություններին:

Նշելով, որ ծրագրի հաջող կատարման ներկայիս ընթացքով պայմանավորված` կարելի է ենթադրել, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի խորհրդի դեկտեմբերյան նիստում Հայաստանի մասով փոփոխություններ չեն լինի, Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատարը խոսել է նաեւ իրականացվող ծրագրին զուգահեռ երկրորդ ծրագրի հնարավոր իրագործման մասին, որին անդրադարձ էր եղել նաեւ Ջոն Դանիլովիչի հետ Հայաստանի վարչապետի վաշինգտոնյան հանդիպման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG