Մատչելիության հղումներ

Թուրքիան 301 հոդվածը «մեղմելու» պատրաստակամություն է հայտնում


Թուրքիայի արդարադատության նախարար Մեհմեթ Ալի Շահինը հավաստիացրել է, թե Թուրքիան պատրաստվում է փոխել եւ «մեղմել» Քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որով մինչեւ երեք տարվա ազատազրկում է նախատեսվում «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար:

Տեղեկացնելով այդ մասին` «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ Թուրքիայում այդ հոդվածով դատապարտվել կամ հետապնդվել են մի շարք առաջադեմ մտավորականներ, այդ թվում` գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը, Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը:

«Փամուքին դատական պատասխանատվության են ենթարկել, երբ նա Թուրքիայում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած հայերի զանգվածային կոտորածները հրապարակավ որակել է «ցեղասպանություն», - նշում է «Ասոշիեյթեդ փրես»-ը` շեշտելով, որ թուրքերը չեն հերքում հայերի զանգվածային սպանդի փաստը, սակայն պնդում են, թե դա ոչ թե ցեղասպանություն էր, այլ քաղաքացիական անհնազանդության հետեւանք:

Գործակալությունը նշում է նաեւ, որ այս տարվա հունվարի 19-ին Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիայում 301 հոդվածի շուրջ աննախադեպ ակտիվ քննարկումների առիթ է դարձել: Մեծ թվով թուրք մտավորականներ նշել են, որ հենց դատական պատասխանատվության հանգամանքն էր Դինքին դարձրել արմատական ազգայնականների թիրախ: Դինքի հուղարկավորությանը մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, հուղարկավորությունն ինքնին դարձել է հոդվածի դեմ հանդես եկող եւ հանդուրժողականություն դավանող մարդկանց համերաշխության դրսեւորում:

Եվրոպական միությունը բազմիցս հայտարարել է, որ նշված հոդվածը միանշանակ հակասում է միության որդեգրած` ազատ խոսքի սկզբունքին, ինչը խոչընդոտում է 2005 թվականից մեկնարկած` Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների ընթացքը:

Հոդվածը լրամշակելու մասին հայտարարությունն Անկարայում արվել է մի քանի ժամ անց այն բանից, երբ Եվրամիությունը անդամության թեկնածու երկրներին վերաբերող տարեկան զեկույցում ընդգծել է Թուրքիայում խոսքի ազատությունը սահմանափակող հանգամանքները:

«Անընդունելի է, երբ գրողները, գիտնականները, մտավորականները դատական պատասխանատվության են ենթարկվում միանգամայն խաղաղ եղանակով իրենց քննադատական տեսակետները հայտնելու համար», - ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Օլի Ռենը եւ հավելել. - «Տխրահռչակ 301 հոդվածը հարկ է անհապաղ փոխել»:

Ենթադրվում է, որ օրենքի լրամշակումը հավանության կարժանանա Ազգային մեծ ժողովում, որտեղ վարչապետ Ռեջեփ Էրդողանի առաջնորդած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը որակյալ մեծամասնություն ունի:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ հաշվի առնելով հոդվածի նշանակությունը եւ դրա շուրջ ստեղծված մթնոլորտը` թուրք օրենսդիրները դժվար թե այն ամբողջությամբ հանեն Քրեական օրենսգրքից. ամենայն հավանականությամբ, նրանք կփորձեն կազմել այնպիսի օրինագիծ, որը կբացառի դատախազության կողմից այն ազատ մեկնաբանելու եւ կամայականորեն կիրառելու հնարավորությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG