Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլ. «Ուրախ եմ, որ արտասահմանյան առաջին այցս կատարում եմ Ադրբեջան»


«Ուրախ եմ, որ իմ արտասահմանյան առաջին այցելությունը կատարում եմ հենց Ադրբեջան», - երեկ Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

Այդ կապակցությամբ գոհունակություն է հայտնել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Գյուլը Ադրբեջանում է եռօրյա պաշտոնական այցով: Երեկ երեկոյան կայացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների առանձնազրույցը:

Ընդլայնված կազմով բանակցություններից հետո նախագահները ստորագրել են ռազմավարական համագործակցության մասին համատեղ հայտարարություն: Ստորագրվել են նաեւ միջակառավարական համաձայնագրեր տարբեր ոլորտներում համագործակցության մասին:

Փաստաթղթերի ստորագրման արարողություններից հետո Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ միջազգային նորմերի հիման վրա:

«Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ Թուրքիան պատրաստ է անել ամենը, ինչ կարող է», - ասել է Աբդուլա Գյուլը:

Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցության վերաբերյալ նա հայտնել է, թե երկու երկրների միջեւ առեւտրական շրջանառությունը մեկ միլիարդ դոլար է կազմում, եւ կողմերն արդեն համաձայնել են այն հասցնել երեք միլիարդի:

Թուրքիայի նախագահը հանդիպումներ է ունենալու նաեւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի եւ վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ, ելույթ է ունենալու խորհրդարանի նիստում:

Գյուլի այցելության ընթացքում Ադրբեջան - Թուրքիա գործարար համաժողով է անցկացվելու, որին մասնակցելու նպատակով նրա հետ Բաքու են ժամանել շուրջ 200 թուրք գործարարներ:

Ադրբեջանական լրատվամիջոցները ընդգծում են, որ Աբդուլա Գյուլը Թուրքիայի առաջին նախագահն է, ով Բաքվից բացի այցելելու է նաեւ շրջաններ: Նա լինելու է Գյանջայում` ծանոթանալու համար փախստականների կենսապայմաններին:

Այցի առնչությամբ day.az էլեկտրոնային պարբերականը նաեւ մի դիտարկում է ներկայացնում, թե Ադրբեջանի դրոշը նսեմացվել է. սովորականի պես փողոցում կախվել են երկու երկրների դրոշները, սակայն Ադրբեջանի դրոշը մոտ երկու անգամ փոքր է Թուրքիայի դրոշից:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG