Մատչելիության հղումներ

Վլադիմիր Չուրով. «Ռուսական կողմը նպատակ չունի խոչընդոտել ԵԱՀԿ-ի դիտորդների աշխատանքը»


Ռուսական կողմը, պահանջելով, որպեսզի դեկտեմբերին անցկացվելիք Պետդումայի ընտրություններում ԵԱՀԿ-ի դիտորդների ընդհանուր թիվը չանցնի 70-ը, նպատակ չունի խոչընդոտել նրանց բնականոն աշխատանքը: Այդ մասին երեկ երեկոյան հայտարարել է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը:

«Դիտորդական առաքելության աշխատանքի արդյունավետությունը դրա անդամների թվի հետ որեւէ առնչություն չունի», - ասել է Չուրովը: - «Դա ավելի շատ կապված է նրանց պատրաստվածության մակարդակի հետ` թե որքանով է դիտորդը տիրապետում հյուրընկալող երկրի օրենքներին եւ որքանով է ծանոթ ընտրական գործընթացի տեղական առանձնահատկություններին»:

Հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ դիտորդների քանակի սահմանափակումը հանգեցնի դեկտեմբերի 2-ի քվեարկության արդյունքների` ԵԱՀԿ-ի կողմից ոչ լեգիտիմ ճանաչելուն, Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը արձագանքել է. - «Որեւէ միջազգային փաստաթղթում կամ տեղական որեւէ օրենքում գրվա՞ծ է արդյոք, որ ընտրությունների լեգիտիմությունը կախված է դրանց ընթացքին հետեւած դիտորդների քանակից: Նման փաստաթուղթ գոյություն չունի»:

Մոսկվայում հերքում են նաեւ այն պնդումները, թե դիտորդների թվի սահմանափակումը ուղղված է միայն եվրոպական կառույցների դեմ: Վլադիմիր Չուրովի խոսքերով` ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի հովանու ներքո գործող դիտորդների թիվը եւս չի անցնելու 70-ից: Բացի այդ, առանձին հրավերներ են ուղարկվելու մի շարք պետությունների` այդ թվում Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովներին:

Ընդհանուր առմամբ, ըստ Չուրովի, դեկտեմբերի 2-ի ընտրություններին հետեւող դիտորդների թիվը կկազմի 330-350:

2003 թվականի Պետդումայի ընտրություններին հետեւող` միայն ԵԱՀԿ-ի դիտորդների թիվը շուրջ 400 էր:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG