Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Նոյեմբերի 3-ին Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Այսօր միանգամից մի քանի թերթեր զետեղել են այդ հանդիպման սղագրությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանը ասում է. - «Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Քոչարյանը ընտրվեց Հայաստանի նախագահ: Ղարաբաղցի լինելով, նա ուղղակի իր վրա վերցրեց նաեւ Ղարաբաղի տեսակետը ներկայացնելու գործառույթը: Միջազգային հանրությունը եւ Ադրբեջանը, ինչպես ասում են, ուրախությունից մեռան: Այդպիսի նվեր Ադրբեջանին, չգիտեմ ինչպես կարելի էր անել: Այդ օրվանից, 98 թվականից հետո Ղարաբաղը ընդհանրապես դուրս է մնացել բանակցային բոլոր պրոցեսներից: Հիմա` ինչպես ասացի, քանի որ այդպիսի հոգեբանական մթնոլորտ է ստեղծվել, շատ դժվար է լինելու նախկին ձեւաչափը: Միայն մի էլեմենտ կա, որի հետ ոչ ոք չի կարող հաշվի չնստել` Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի ոչ ղարաբաղցի, որպեսզի հնարավոր լինի գործընթացը ետ պտտեցնել»:

Անդրադառնալով նույն հանդիպմանը, «Հայոց Աշխարհ»-֊ը գրում է. - «Նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի շաբաթօրյա հանդիպումը երիտասարդության հետ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում միանգամայն սպասելի էր։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ չնչին հնարավորություն իսկ չունենալով հաղթելու ընտրություններում, ազատագրական շարժման առաջնորդները ստիպված են գնալ գունավոր հեղափոխության ճանապարհով։ Իսկ վերջինն անհնար է առանց երիտասարդության ակտիվ մասնակցության»: Թերթը եզրափակում է. - «Երիտասարդության համար ճակատամարտում իշխանությունը կարող է հաղթել միայն այն դեպքում, եթե նրան հաջողվի ներքաշել երիտասարդներին երկրի եւ հասարակության կյանքի հիմնական խնդիրները շոշափող երկխոսության մեջ։ Երկխոսություն, որը կընթանա երիտասարդներին հասկանալի լեզվով։ Դրա համար պետք է ունենալ «սեփական» երիտասարդական ակտիվը, որը կարողանում է խոսել հասակակիցների հետ»։

«Հայկական ժամանակ»-ը «Աշխատելու են» վերնագրի ներքո տեղեկացնում է. - «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը «Մարիոթ» հյուրանոցում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ մի քանի կարեւոր հայտարարություններ է արել. դրանցից մեկը վերաբերում է ՀՀ գործող ԱԺ-ի ճակատագրին: Պատասխանելով այն հարցին, թե նախագահ ընտրվելուց հետո ինքը ինչպես է վարվելու գործող ԱԺ-ի հետ, առաջին նախագահը հետաքրքիր հայտարարություն է արել: «Նոր նախագահը պիտի աշխատի այս խորհրդարանի հետ, չկա խորհրդարանը ցրելու մեխանիզմ: Նոր նախագահը պիտի ելնի նրանից, որ խորհրդարանում կա մեծամասնություն, եւ այդ մեծամասնության կարծիքի հետ պիտի հաշվի նստի: Ավելին ասեմ, եթե այդ մեծամասնությունն առաջարկի իր վարչապետին, նախագահը այլ բան չի կարող անել, քան համաձայնել դրա հետ: Այսպես է իրականում: Իհարկե, ոչ այն վարչապետին, որ այսօր կա. դրա մասին չէ խոսքը», - ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

«Չորրորդ իշխանություն»-֊ը գրում է. - «Մահից մի քանի օր առաջ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը իր մերձավորներին եւ ընկերներին ասել էր՝ «Ես սովորական զինվոր եմ եւ իմ մահից հետո ինձ կհուղարկավորեք Եռաբլուրում՝ շարքային զինվորի կողքին»: Թվում էր՝ ականավոր գիտնականի վերջին այս խնդրանքը իրականացնելու համար որեւէ խնդիր չպետք է առաջանար, բայց... Կառավարության որոշմամբ ստեղծված հուղարկավորության հանձնաժողովը փոխանցել էր Ղազարյանի հարազատներին, որ նրան չեն կարող Եռաբլուր տանել եւ նպատակահարմար է, որ Ղազարյանի դին հանգչի քաղաքային պանթեոնում: Հանձնաժողովականները՝ ի դեմս ՀՅԴ-֊ական Լեւոն Մկրտչյանի եւ ակադեմիայի ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանի պնդել են, որ Եռաբլուրում հուղարկավորվելու համար պետք է անպայման համակարգի անդամ լինել»: Թերթը մեկնաբանում է. - «Ռաֆայել Ղազարյանը ղարաբաղյան պատերազմի տարիներին շարքային զինվորի նման եղել է խրամատներում, մասնակցել է կարեւորագույն ռազմական օպերացիաների մշակմանը, ի տարբերություն իրենց՝ մշտապես շփվել է զենքի ու զինամթերքի հետ, ավելին՝ եղել է ռազմաարդյունաբերական հանձնաժողովի անդամ: Այո, դժվար ժամանակներ ենք ապրում. իսկապես ցավալի եւ ամոթալի է այն հանգամանքը, որ շարքային հանցագործներն ու թալանչիները որոշում են, թե հայ ազգի համար արժեքավոր մարդիկ որտեղ եւ ինչ հիմքով պետք է հուղարկավորվեն»:

Այսօր, նոյեմբերի 7֊-ին, երբ շատերը վերհիշում են անցյալը, «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Չեմ կարծում, թե պատմական որեւէ դարաշրջան հնարավոր է ամբողջությամբ սեւացնել` ներկայացնելով որպես լիակատար մղձավանջ, կամ հակառակը` նկարագրել այնպիսի մի դրախտ, որի կրկնության մասին կարելի է միայն երազել: Այդ առումով ընդօրինակելի է ժամանակակից Չինաստանը (որը, ի դեպ, գոնե զուտ ձեւականորեն շարունակում է կոչվել կոմունիստական). այդ երկիրն իր հարուստ պատմության ոչ մի նախորդ ժամանակաշրջան չի փորձում մրոտել եւ ոչ մի կայսրի «թշնամի» կամ «դավաճան» չի անվանում: Այդ մենք ենք, որ շարունակ կրկնում ենք. «նախորդ հանցավոր ռեժիմ», «ներկա հանցավոր վարչախումբ», քիչ է մնում ասենք` «ապագա հանցավոր իշխանություն», եւ մեր «հակապատմական» ընթացքը դրանով կամբողջանա»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG