Մատչելիության հղումներ

Այսօր Երեւանում կայացավ Սփյուռքի երկու ավանդական կուսակցությունների` Հայ Հեղափոխական Դաշնակցության եւ Ռամկավար ազատական կուսակցության միջկուսակցական համաժողովը:

«Չպետք է մնալ անցյալում, պետք է առաջ շարժվել». - ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` հավելելով. - «Առնվազն հայկական հարցերում պետք է համերաշխ լինենք»:

«Ռամկավար եւ Դաշնակցության կուսակցության հակադրությունները, մրցակցությունները շատ երկար պատմություն ունեն: Եթե մենք կարողանում ենք մեր մեջ ուժ հավաքել, նստել իրար հետ սեղանի շուրջ եւ քննել այն հարցերը, որոնք բոլորիս համար նույնն են, երկու կողմիս համար նունն են, սա պետք է օրինակ դառնա Հայաստանի քաղաքական կյանքի համար», - հավելեց Մարգարյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցության ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանը, իր հերթին, ասաց. - «Այն ֆորմուլները, որոնցով մինչեւ հիմա գործել է այդ կուսակցությունը, կարծես թե, շատ էֆեկտիվ չեն եղել: Եվ մենք պատրաստ ենք ոչ միայն ողջունելու, այլ նաեւ աջակցելու, որովհետեւ մեզ համար գաղափարական մրցակիցը շատ ավելի մեծ արժեք ունի, քան մրցել ինչ-որ անդեմ զանգվածի հետ, որի հետեւում ոչ մի գաղափար չկա, միայն փող կա»:

Համաժողովում քննարկվեցին մի շարք հարցեր` Արցախի խնդիրը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, Ջավախքի հայության իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի ներքաղաքական խնդիրները:

Արցախի եւ Ցեղասպանության ճանաչման հարցում կուսակցությունները տարաձայնություններ չունեն: Արցախի խնդրի լավագույն լուծումը, ըստ Հրանտ Մարգարյանի` Հայաստանի կազմում այդ տարածքն ընդգրկելն է:

Վահան Հովհաննիսյանի կարծիքով` արցախյան կողմը եւս պետք է ներգրավված լինի բանակցային գործընթացում:

Հովհաննիսյանի կարծիքով, այդուհանդերձ, նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընթացող բանակցություններում «արժանապատիվ եւ ամուր կեցվածք է դրսեւորել». - «Անկախ մեր կամքից, մեր դիրքերը թուլացնում է Արցախի բացակայությունը` որպես կողմի, բանակցությունների մեջ: Ուրեմն պետք է արդեն մտածել ֆորմատի մեջ ձեւափոխումներ կատարելու մասին»:

ՌԱԿ-ի փոխատենապետ Ասատուր Դեւլեթյանի համոզմամբ` Թուրքիան ոչ միայն պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլեւ «մեր հողերը պետք է վերադարձնի». - «Ցեղասպանությունը կատարվեց, որպեսզի հայկական հողերը բռնագրավվեն: Եթե Ցեղասպանությունը պիտի ճանաչվի, եւ այդքանով պիտի բավարարվենք, դա նշանակի, որ պետք պիտի ուրանանք մեր արյան գինը... Առանց պահանջատիրության նույնիսկ խոսելը Ցեղասպանության մասին վիրավորական է»:

Հրանտ Մարգարյանի փոխանցմամբ` պայմանավորվածություն կար, որ այսօրվա հանդիպմանը պիտի մասնակցեր նաեւ Հնչակյան կուսակցությունը: Վերջիններս, սակայն, հրաժարվել են մասնակցել:

Մարգարյանը, այդուհանդերձ, հույս հայտնեց, որ ապագայում հնարավոր կլինի նաեւ հնչակյանների հետ համագործակցությունը:

Հարցին, թե դրան չի խանգարի արդյոք այն, որ հնչակյանները արդեն հայտարարել են, որ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, Մարգարյանը արձագանքեց. - «Աշխարհի մեջ մենք Հայ դատի հետապնդման խնդիր ունենք, աշխարհում Հայաստանը ներկայացնելու խնդիր ունենք. սրանք խնդիրներ են, որտեղ կարող ենք համագործակցել, բայց կարող ենք տարբեր թեկնածուներ պաշտպանել... Եվ դա ողբերգություն չէ»:

Ասատուր Դեւլեթյանը, մինչդեռ, չբացառեց, որ ՌԱԿ-ը կարող է որոշում ընդունել առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Դաշնակցության թեկնածուին: Թեեւ հավելեց, որ այդ կապակցությամբ որոշում դեռեւս չի ընդունվել. - «Տակավին չի էլ քննարկվել»:

Նա ասաց նաեւ, որ ռամկավարները դեռեւս որոշում չունեն, թե Հայաստանում գործող իրենց կառույցը կարող է միանալ Սամվել Բաբայանի «Դաշինք» եւ Ալբերտ Բազեյանի «Ազգային վերածնունդ» կուսակցություններին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG