Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը այսօր կհրապարակի Թուրքիայի առաջընթացի հերթական գնահատականը


Այսօր Բրյուսելում Եվրահանձնաժողովը հերթական գնահատականը կտա վերջին տարվա ընթացքում Թուրքիայի կողմից Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ կատարված քայլերին: Ինչպես եւ նախորդ տարիներին` այս անգամ էլ գնահատականը կլինի ավելի շատ բացասական, քան դրական:

Զեկույցի նախագծում Եվրահանձնաժողովը, մասնավորապես, իր լուրջ մտահոգությունն է հայտնում Թուրքիայիում խոսքի ազատության սահմանափակման առնչությամբ եւ փաստում. - «Սեփական տեսակետը ազատորեն արտահայտելու համար դատապարտված լրագրողների ու մտավորականների թիվը անցնող տարվա ընթացքում նվազելու փոխարեն ավելացել է»: Հիշատակելով նաեւ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը` փաստաթուղթը արձանագրում է. - «Այս ամենը նպաստում է երկրում ինքնագրաքննության մթնոլորտի ձեւավորմանը»:

Ըստ եվրոպացի փորձագետների, Թուրքիան անցնող տարվա ընթացքում շատ քիչ բան է արել նաեւ քաղաքական գործընթացների վրա բանակի ազդեցությունը նվազեցնելու, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու եւ կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ:

«Կոռուպցիան շարունակում է մնալ հասարակության ամենատարածված չարիքներից մեկը, արդարադատության համակարգի անաչառությունը շարունակում է կասկածներ հարուցել», - փաստում է զեկույցն ու հավելում. - «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների համաձայն` միայն անցած մեկ տարվա ընթացքում Թուրքիան առնվազն 330 անգամ խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»:

Քննադատական գնահատականներից բացի` զեկույցը նաեւ քաջալերում է պաշտոնական Անկարային: «Թուրքիան ինքնատիպ կամուրջ է Արեւմուտքի եւ մահմեդական աշխարհի միջեւ, լուրջ դիվանագիտական եւ ռազմական գործընկեր ու էներգետիկ աղբյուր», - գրում է Երահանձնաժողովն ու Թուրքիայի կառավարությանը կոչ անում չկորցնել քաղաքական բարեփոխումներ իրականացնելու պատմական պահը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG