Մատչելիության հղումներ

Բեռլինում քննարկվում է «սառեցված» հակամարտությունների խնդիրը


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի եւ Միջազգային եւ անվտանգության հարցերի գերմանական ինստիտուտի նախաձեռնությամբ Բեռլինում երեկ սկսվել են «սառեցված» հակամարտությունների թեմայով երկօրյա լսումներ: Հայաստանից քննարկումներին մասնակցում են ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ պատվիրակության անդամ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Դավիթ Հարությունյանը, երեկ զուտ պատգամավորական քննարկումներ են տեղի ունեցել: Բոլոր միջազգային փորձագետները Ադրբեջանին կոչ են արել հասարակական մակարդակով շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ եւ բանակցություններում Ղարաբաղը դիտել որպես ինքնուրույն սուբյեկտ:

«Իհարկե, «ինքնուրույն» բառը չէր շեշտվում, սակայն բոլորը կարեւորում էին այն, որ առանց Լեռնային Ղարաբաղի հետ բանակցությունների հնարավոր չէ հասնել որեւէ արդյունքի», - ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը:

Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, առաջին օրվա քննարկումների ընթացքում հայկական պատվիրակությունը ընդգծել է, որ Ադրբեջանում շարունակվող ռազմատենչ քարոզչությունը եւ սպառնալիքները վնաս են հասցնում խաղաղության գործընթացին:

Բեռլինյան քննարկումների մասնակիցները երեկ անդրադարձել են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրներին, ավելի ուշ նախատեսված էր քննարկել նաեւ Մերձդնեստրի հակամարտության կարգավորման հնարավորությունները:

Այսօրվա քննարկումներին կմասնակցեն նաեւ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ Վարուժան Ներսիսյանը եւ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

Բեռլինյան լսումները կավարտվեն այսօր:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG